Թուրքիայի՝ այս տարվա ընթացքում երկրորդ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն արդեն գրեթե (~95%) ամփոփված են, ու որևէ լուրջ փոփոխություն այլևս չի սպասվում: Կարծում եմ՝ թվերից ավելի լավ իրավիճակը նկարագրում է Թուրքիայի ղեկավարի խորհրդական Օրհան Քարաքուրթի տարածած՝ Էրդողանի լուսանկարը:
Իսկ պատկերն այսպիսինն է՝
«Արդարություն և զարգացում» – 49.5% (հունիսի համեմատ՝ +8.6%, ԹԱՄԺ-ում՝ 316 տեղ)
Ժողովրդահանրապետական – 25.3% (+0.3%, 133 տեղ)
«Ազգայնական շարժում» – 12.0% (-4,3%, 59 տեղ)
Ժողովուրդների դեմոկրատական – 10.3% (-2.8%, 42 տեղ)
Այլ – 0.9%
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Էրդողանի կուսակցությունը նշանակալի բեկում է գրանցում՝ կրկին մեծամասնություն (276 և ավելի մանդատ) ապահովելով հունիսյան ընտրություններում ձախողվելուց հետո: Շատերն արդեն իսկ սկսել են խոսել, որ նրա կուսակցության ստացած լրացուցիչ ավելի քան 3 միլիոն ձայները վկայում են Էրդողանի քաղաքական հաշվարկների ու կատարած քաղաքական խաղադրույքի արդարացվածության մասին:
Ինչպես իր թվիթերյան էջում այսօր նկատել էր ԺՀԿ-ական պատգամավոր Այքան Էրդեմիրը, անցած 5 ամիսների ընթացքում ԱԶԿ-ականներին այնուամենայնիվ հաջողվել է իրենց կողմը գրավել ԱՇԿ-ին աջակցող ազգայնական թուրքերի և ԺԴԿ-ին աջակցող մուսուլման քրդերի մի մասին:
Այս ընտրություններն ուղղակիորեն ցույց են տալիս, որ թուրքական հասարակությունն ուղղակի հոգնել էր անկայունությունից ու ընտրեց հնարավոր առավել ապահով տարբերակը:
Օգտատեր Արշակ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից