Էրդողանը հրաշալի նախագահ է, հայրենասեր, ցանկանում է իր երկրի զարգացումը: Չի ցանկանում, որ Թուրքիան ղեկավարեն զինվորականներն ու ԱՄՆ-ը և նրան խամաճիկ դարձնեն իրենց ձեռքում` թուրքական TRT-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքով` իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի թշնամին է, և ԱՄՆ-ն նույնպես Թուրքիայի թշնամին է, քանի որ ոչ միայն ապաստան է տրամադրում Գյուլենին, այլև հովանավորում է նրա գործունեությունը:
«Բոլոր ընդդիմադիրները, որոնք թաքնվում են ԱՄՆ-ում և այնտեղից քննադատում հայրենիքը, դավաճաններ են, այդ թվում` քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով Թուրքիայի հեղաշրջման կազմակերպիչն է»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով` Ռուսաստանն աջակցում է Թուրքիային և բանակցելու է բացառապես Էրդողանի հետ, քանի որ հենց նա է օրենքով ընտրված երկրի նախագահը:
«Հուսով եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կայանալիք բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, որ այդ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։