տուն Լուրեր Էրդողանը գոհ է, որ «Գորշ գայլերը» նախագահական ընտրություններում աջակցելու են իրեն

Էրդողանը գոհ է, որ «Գորշ գայլերը» նախագահական ընտրություններում աջակցելու են իրեն

107
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մեկնաբանել է «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի այն հայտարարությանը, թե 2019թ. նախագահական ընտրություններին  վերջինս աջակցելու է իրեն:

Միջանկյալ նշենք, որ MHP-ն համարվում է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ Էրդողանը, հիշեցնելով, որ  MHP-ն սահամադրական փոփոխությունների ժամանակ ևս սատարել է գործող իշխանություննյերին, ասել է.

«Նախագահական կառավարման համակարգին անցնելու նախապատրաստական աշխատանքները համերաշխության պայմաններում MHP-ի հետ կիրականացնենք, ցանկանում ենք, որ դրան մասնակցի նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը»:

Էրդողանը ընդգծել է, որ ինքը կիսում է Բահչելիի մի շարք տեսակետներ Թուրքիայի ապագայի հարցում: Նա վստահություն է հայտնել, որ այն ուժերը, որոնք փորձում են Թուրքիան «մասնատել» իրենց նպատակներին չեն հասնելու և դատապարտված են անհաջողության: Բացի դրանից նա շնորհակալություն է հայտնել, որ 2019թ. ընտրություններին Բահչելին և վերջինիս կուսակցությունը իրեն է սատարելու:

Էրդողանը հայտնել է, որ առաջիկայում հանդիպելու է Բահչելիի հետ, որի ժամանակ էլ կխոսվեն  MHP-ի հետ համագործակցության մանրամասների, ինչպես Թուրքիայի ապագայի վերաբերյալ մի շարք հարցերի  մասին:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Բահչելիի և Էրդողանի հանդիպումը կայանալու է հունվարի 10-ին Էրդողանի նստավայրում:

Հիշեցնենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական  և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության ղեկին մնալու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am