Ադրբեջանահայ փախստականների հարցը պետք է քննարկվի Ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանի շուրջ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտնեց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը:
«Մեր խնդիրն է ադրբեջանահայ փախստականների խնդիրը իրավական հարթակից տեղափոխել քաղաքական հարթակ: Բաքվի հայերի կոտորածների հարցը, Սումգայիթի, Կիրովականի և Գանձակի փախստականների խնդրի հետ մեկտեղ պետք է քննարկվի Ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանի շուրջ: Այս ամենի հիմքում պետք է ընկած լինեն Մադրիդյան սկզբունքները, որոնցով նախատեսվում է հայկական զինուժի դուրսբերում ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձն ու խաղաղության հաստատումը»,-նկատեց բանախոսը:
Վերջինս տեղեկացրեց, որ ադրբեջանահայ 35 հազար փախստական նամակ-դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի իշխանությանըˋ հորդորելով բանակցային օրակարգում ընդգրկել իրենց խնդիրը:
Էլեոնորա Ասատրյանը նկատեց, թե տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ փախստականների խնդրով սկսել է զբաղվել Սփյուռքի նախարարությունը:
«Փախստականների խնդիրը Սփյուռքի ուսերին դնելը ճիշտ չէ: Ի՞նչ կարիք կա, որ այս խնդրին ուրիշ երկրներ էլ խառնվեն, եթե մենք կարող ենք այն ներքին հարթության վրա լուծել: Այս առիթով ադրբեջանահայերն անգամ սկսել են կատակել, որ իրենք էլ են Սփյուռք դարձել»,- եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան