Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար հայկական կողմին տրամադրված 270 մլն դոլար ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա:
Այս մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել էր, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում:
Անդրադառնալով բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը՝ Արթուր Գրիգորյանն ասաց. «Սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր իրավասու մարմինը ՀԾԿՀ-ն է»:
Ի դեպ, գործադիր մարմնի անդամը ուշագրավ մի հայտարարություն էլ արեց. 2 տարի հետո կավարտվի էներգետիկ համակարգի շուկայի ազատականացման գործընթացը:
Հ.Գ. Հայտնի է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ մասամբ ռուսական ազդեցության տակ է՝ ՀԷՑ-ը ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանինն է, «Գազպրոմը» եւս ռուսներինն է: Այս ամենը հաշվի առնելով՝ նախորդ կառավարությունը փորձում էր այլընտրանքային էներգիայի զարգացմամբ ու ամերիկացիներին ներգրավվելով եթե ոչ ազատականացնել, ապա գոնե բալանսավորել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազդեցությունը էներգետիկ ոլորտում: Հիշենք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի՝ 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրման հայտարարությունը, որը կարող է լինել միայն շուկայի ազատականացումից հետո:
Սոնա Դավթյան