տուն Լուրեր Էլի գեներալներ կան, ովքեր նույն ճանապարհով են հարստություն դիզել. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

Էլի գեներալներ կան, ովքեր նույն ճանապարհով են հարստություն դիզել. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

95
0

Ոչ միայն դատապարտում եմ, այլև սա համարում եմ ազգային խայտառակություն, սա մեր ազգի համար ողբերգական իրադարձություն է: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին:

Նա մեզ հետ զրույցում նշեց՝ նախկինում նման դժգոհություններ ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև բանակային շատ գեներալների մասին է լսել. «Իմ խորին համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը հետևողական գտնվի, էլի գեներալներ կան, էլի մարդիկ կան, ովքեր նույն ճանապարհով են իրենց հարստությունը դիզել»:

Հարցին՝ կարո՞ղ է անուններ նշել, նախկին պատգամավորը պատասխանեց. «Ես հետախուզությունում չեմ աշխատում, այո, լսել եմ, ինչպես մյուսները»:

Մեր նկատառմանը՝ արդյոք այս հանցագործությունները նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի մեղավորության, նրանց անգործության հետևանքը չեն, մեր զրուցակիցն ասաց. «Ես որևէ մեկի տեղը չեմ կարող պատասխան տալ, թող անեին, Հանրապետականը կլինի, էն մեկը կլինի, ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Եթե իշխանությունները ժամանակին ձեռքը չեն բռնել, իհարկե այդ իշխանությունները պատասխանատվություն են կրում»:

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը նաև ընդգծեց՝ միայն հանրապետականները, իշխանությունները չեն մեղավոր, այլ նաև բանակի գեներալները, մյուսները. «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ մեր պատգամավորներից էնտեղ են եղել, հո էդքանը թաքուն հնարավոր չէր բերել, թող մեկը ձայն հաներ: Հիմա ինձ համար նշանակություն չունի, թե ովքեր են իշխանություն, ինձ համար նշանակություն ունի իմ ազգի ճակատագիրը, Արցախի ճակատագիրը, ովքեր իրենց ապրելակերպով, իրենց գործունեությամբ թուլացնում են ռազմաճակատը»: