Ավելի քան մեկ ամիս առաջ` օգոստոսի 1-ից, կառավարության որոշմամբ, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 10 տոկոսով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն այժմ վճարում ենք 42 դրամ: Քաղաքացիներն արդեն վճարել են բարձրացած սակագնով: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ոչ թե 10 տոկոսով է ավելացել, այլ 17-25 տոկոսով:
Քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ դժվար թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ալիք կրկին բարձրանա: Նրա պնդմամբ` մարդկանց համախմբման ռեսուրսը սպառվել է:
Ըստ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի՝ բողոքի ալիք դեռ կարող է բարձրանալ, սակայն առայժմ չի երևում, թե դա կոնկրետ երբ կլինի:
«Մեր ժողովուրդը, ցավոք, այնպես է ընտելացել, որ արդեն ուղղակի տրտնջում է, բայց չի բողոքում: Վերջին ալիքը եղավ այդ որոշումն ընդունելու օրը: Ընդհանրապես, պայքարն անհրաժեշտ է: Կուտակայինի դեմ բողոքը, օրինակ, արդյունք տվեց, տրանսպորտի սակագնի դեմ բողոքը արդյունք տվեց»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը: