տուն Լուրեր Ըստ «ԱՍՔ»-ի` ճարտարապետնե՞րն էլ են խաչից վախեցող մուսուլմաններ

Ըստ «ԱՍՔ»-ի` ճարտարապետնե՞րն էլ են խաչից վախեցող մուսուլմաններ

166
0

Երևանի Երիտասարդության պալատի (Կուկուռուզնիկ) նախագծի շրջանակներում մրցույթին ներկայացված նախագծերից մեկի՝ խաչի տեսքով պատկերված շենքի լուսանկարները երեկվանից համացանցում տարբեր քննարկումների առիթ են դարձել:

Ի պատասխան օգտատերերի զայրույթի, որ անհնար է նախկին Երիտասարդության պալատի փոխարեն նման շենք կառուցել, այդկերպ նաև արժեզրկելով խաչի իմաստը, նախագիծը ներկայացնող ընկերությունը` ASK group of companies-ն, նկարների մեկնաբանություններում գրում է. «Սա 10 տարի առաջ արված էսքիզ է: Մտածելով չնեղացնել մուսուլման տուրիստներին` արվել է երկրորդ տարբերակը՝ կլոր ապակիով, որի մասին ընդհանրապես չի խոսվում: Բայց ինձ համար որ շատ զարմանալի է՝ մեր մեջ ավելի շատ կան խաչից վախեցող մուսուլմաններ, պարապ, ոչ մի բարիք չստեղծող, միայն քննադատող, անդաստիարակ, քֆուրներ գրող մարդիկ: Սա եղել է ուղղակի առաջարկ՝ առանց որևէ գումարի: Եթե մի քիչ ուշադիր կարդաք, կտեսնեք` ովքեր են կոպիտ ու անտաշ, բռի»:

Untitled

Պարզաբանումների համար փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, սակայն մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Նախագծին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նշելով. «Մենք էս ժողովրդին խաչով հոգնեցրինք արդեն: Հանրապետության հրապարակում էլ Լենինի արձանի փոխարեն 92 թվականից անընդհատ մրցույթներ էին լինում, և ներկայացված աշխատանքների 4/5-րդը կրոնական բնույթի էր: Մենք ունենք Սուրբ Էջմիածինը, որը ճանապարհի վրա է, մի հսկայական աշխարհի կողմից ընկալվող մեծ սրբատեղի»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ ընդգծում է, որ այս նախագիծը մեր քաղաքին ներդաշնակ չէ. «Սա քաղաքի տեսքի հետ որևէ կապ չունի, շատ կոպիտ ու կոշտ է: Այդտեղ ներդաշնակ էր Կուկուռուզնիկը՝ իր երկարությամբ, լայնությամբ»:

Նշենք, որ այս նախագիծը 2010 թվականին ներկայացվել է Երիտասարդության պալատի շենքի տեղում կառուցվելիք շենքի համար հայտարարված մրցույթին: Սակայն այդ ժամանակ մրցույթում հաղթող ճանաչվեց ճապոնական Arai Architects ընկերության ներկայացրած նախագիծը:

71983

ՀԳ. Ի դեպ, մարդն իր գործերով է ցույց տալիս իր հավատարմությունը Աստծուն, խաչին: Խաչն ամեն տեղ տեղադրելով՝ արժեզրկում ենք այն: