Տարբեր մշակութային ոլորտների արտիստներ մեկ բեմում` հանուն մեկ գաղափարի. ընթանում են «Ամեն» շոուի վերջին փորձերը: Բոլորը հուզված են, ոգևորված և անհամբեր, որովհետև հանդիսատեսի դատին են ներկայացնելու մի բան, որի նմանը մինչ այս չի եղել:
Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը «Ամեն»-ի պրեմիերային ընդառաջ վերջին անգամ լրագրողների հետ հանդիպմանը խոսքը սկսեց շնորհակալություններով` անուն առ անուն նշելով այն մարդկանց, ովքեր հավատացին գաղափարին և արեցին հնարավորն ու անհնարը այն կյանքի կոչելու համար. «Առաջինն ուզում եմ շնորհակալություն հայտնել Հասմիկ Չակմաչյանին, որի հետ մենք այս խենթ նածագիծը սկսեցինք, և մեր կողքին հայտնվեցին մարդիկ, ովքեր մեզ հետ կիսեցին մեր խենթությունը… մենք մտել ենք երաժշտական մեկ դաշտ, որը բոլորիս համար անծանոթ է և փորձում ենք համատեղել շատ անհամատեղելի բաներ: Կարծում եմ, որ, ի վերջո, կստանանք այն, ինչ ուզում ենք»:
«Ամեն»-ի լիբրետոյի հեղինակ Էդուարդ Այանյանն էլ ընդգծեց, թե քանի որ այն մեր մասին է և ներկայացնում է մեր պատմությունը, չէր կարող պրեմիերան Հայաստանում չլինել, թեև ի սկզբանե նախատեսված է եղել եվրոպական բեմի համար. «Ամեն»-ն ունի բալետի տարրեր, ժամանակակից շոուի տարրեր, և դա մենք փորձել ենք համատեղել: Այն մեր մասին է, և մենք փորձել ենք կենտրոնանալ մեր էության վրա` ո՞վ ենք մենք, ի՞նչ է կատարվել մեզ հետ և ինչպե՞ս ենք դրանք հաղթահարել»:
«Ամեն» շոուին մասնակցելու համար արտիստներ են հրավիրվել աշխարհի տարբեր երկրներից: Նախագծում նախահոր դերում հանդես կգա օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը: Նա նշեց. «Հիմնական գաղափարն այն է, որ այստեղ ազգային ինքնաճանաչողության խնդիրն է դրվում: Արվում է մի շարժում, որը կունենա շարունակություն, որովհետև այս ամենի կարիքը մենք վաղուց ունեցել ենք»:
Նշենք, որ «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մանրամասները` տեսանյութում:
Էմմա Հովսեփյան