տուն Լուրեր Ընդդիմադիր ՀՎԿ-ն եւ 300 հազար դրամի պայմանավորվածությունը

Ընդդիմադիր ՀՎԿ-ն եւ 300 հազար դրամի պայմանավորվածությունը

169
0

ՀՎԿ

Հունիսի 5-ին կայանալիք Գյումրու ավագանու այս նստաշրջանի վերջին նիստին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մասնակցելու որոշում դեռ չի կայացրել: Այս մասին Araratnews.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:

Նշենք, որ մամուլում այսօր լուրեր են շրջանառվում այն մասին, որ ավագանու ՀՎԿ երեք անդամներ պատրաստվում են մասնակցելու հունիսի 5-ի նիստին: Այդ լուրերի համաձայն՝ ավագանու այդ անդամները համաձայնություն են ձեռք բերել Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի հետ, ամսական 300 հազար դրամի դիմաց պարտաճանաչորեն մասնակցել ավագանու նիստերին:

Էդգար Առաքելյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդեց՝ դա ապատեղեկատվություն է, ՀՎԿ ավագանու անդամներին գումար չի առաջարկվել:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո կուսակցությունը փոխի հռետորաբանությունը եւ դադարի ընդդիմադիր դիրքերից հանդես գալուց, խոսնակը բացասական պատասխան տվեց, վստահեցնելով, որ իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում:

Թեմայի հետ կապված պարզաբանում խնդրեցինք նաև Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սուսաննա Առաքելյանից, ով վստահեցրեց, որ այդ խոսակցությունները տրամաբանությունից  զուրկ  են, ավելին` դրանք անհեթեթություն որակեց: Իսկ կմասնակցե՞ն արդյոք ՀՎԿ անդամները  ավագանու նիստին, թե՞ ոչ` Բալասանյանի խոսնակն ընդգծեց, որ իրենք այդ մասին որևէ տեղեկություն չունեն, և  հորդորեց այդ հարցով դիմել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

Նշենք, որ եթե «Բալասանյան» դաշինքով ընտրված ավագանու 16 անդամներից որեւէ մեկը բացակայի, ապա  քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա, ուստի հասկանալի է, թե ինչ նշանակություն ունի քաղաքապետ Բալասանյանի համար թեկուզ մեկ անդամի ներկայությունը:

Հիշեցնենք՝ «ԳԱԼԱ», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններով ընտրված ավագանու անդամները բոյկոտում են նիստերը՝ չմասնակցելով դրանց: