Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 18-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։