տուն Հասարակություն Կրթություն EduArmenia-ն ծնվեց հզոր ու ուժեղ պետություն ունենալու երազանքից

EduArmenia-ն ծնվեց հզոր ու ուժեղ պետություն ունենալու երազանքից

644
0

EduArmenia-ն «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերից մեկն է: Ասոցիացիան գործում է 2011 թվականից: Կազմակերպության անդամները երիտասարդ գիտնականներ են, որոնց հիմնական թիրախը երիտասարդներն են: «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»-ն վերը նշված ծրագրի շրջանակներում զբաղվում է կրթության ոլորտում առկա բացերի վերացմամբ, մանկավարժների ու դասախոսների վերապատրաստմամբ:

«Երիտասարդ  պատմագետների ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահ, EduArmenia ծրագրի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցեցինք EduArmenia ծրագրի, գրանցված հաջողությունների և առաջիկա անելիքների մասին:

«Անցած տարի Արցախում`Քաշաթաղում, եռօրյա այց ունեցանք ու որոշեցինք, որ դրա հիմքի վրա պետք է ստեղծենք EduArmenia ծրագիրը, որի նպատակը գիտության, կրթության ներկայացուցիչների համար հարթակ ստեղծելն է, որտեղ կկարողանան հանդիպել կրթության ոլորտում աշխատող մարդիկ և տարաբնույթ սեմինարներ, քննարկումներ կկարողանան անցկացնել, փորձի փոխանակում տեղի կունենար, նոր ծրագրեր ու գաղափարներ կծնվեն: Եվ այդպես հիմնեցինք EduArmenia-ն,- պատմում է Լիլիթ Մկրտչյանը, ապա ներկայացնում, թե ինչու հատկապես ինքը որոշեց ստեղծել այս ծրագիրը.- Ես ինքս լինելով կրթության ոլորտի ներկայացուցիչ, որն աշխատել և աշխատում է գիտական ոլորտում, և ամեն օր բախվում եմ կրթության ոլորտում ծառացած խնդիրներին, որոշեցի ստեղծել այս ամենը: Եվ այս գաղափարի շուրջ հավաքվեցին շատերը ամբողջ աշխարհից: Մենք ծրագրում այս պահին ընդգրկել ենք դասավանդողին` ուսուցչին, դասախոսին, թեև աշակերտների շրջանում էլ ցանկացողները քիչ չեն»:

«Այս ծրագիրը ծնվեց երազանքից, որովհետև հզոր ու ուժեղ պետություն ունենալու երազանք ունեինք, և այդ ճանապարհին հասնելու գործոն, որպես այդպիսին, դիտարկեցինք կրթությունը,- ասում է EduArmenia ծրագրի համահեղինակը և, կարևորելով կրթության որակի բարձրացման առաջնահերթությունը, շարունակում,-  այսինքն՝ պետք է ունենանք ուժեղ կրթական համակարգ, կրթված հասարակություն, որով էլ պետք է հասնենք մեր նպատակին: Մեզ համար շատ կարևոր է պատրաստ ու բաց լինել նորարարությանը, պարտադիր հասկանալ աշխարհն ինչ է անում, ինչ ճանապարհով է ընթանում, բայց այդ ամբողջը բերենք նույնացնենք մեր արժեհամակարգին` համահունչ ու համապատասխան դարձնենք»:

Լիլիթ Մկրտչյանը պատմում է, որ այս ընթացքում ուսուցիչների վերապատրաստման շարք են ստեղծել: Եվ չնայած նրան, որ համավարակը փոխել է իրենց ծրագրերը, արագ կողմնորոշվել ու գտել են ելքը:

«Մարտի սկզբից սկսել ենք ուսուցիչների վերապատրաստումը zoom հարթակի օգնությամբ` հեռավար, և մոտ 800 ուսուցիչ ենք վերապատրաստել: Շաբաթը երկու անգամ EduArmenia-ի հարթակում հանդիպում ենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր իրենց փորձով կիսվում էին մասնակիցների հետ,-ներկայացնում է Լիլիթ Մկրտչյանը և ընդգծում, որ հիմնական թիրախը հեռավար կրթության մեթոդաբանությունն ու կառավարումն է եղել։- Այս ընթացքում քառասուն հանդիպում ենք ունեցել և այս ամսի 4-ին  ու 5-ին արեցինք գլխավոր աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև սփյուռքահայեր ամենատարբեր երկրներից: Մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչները»:

EduArmenia ծրագրի համահեղինակ Լիլիթ Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ասել է վերապատրաստում և ինչպես է կազմակերպվել աշխատանքը հեռավար:

«Վերապատրաստում ասելով պետք է հասկանանք մեթոդաբանություն: Մենք խոսում ենք, թե ինչպես պիտի դասավանդել, ցանկացած նյութ ինչ գործիքներով պիտի կարողանալ մատուցել: Տարբեր դպրոցների մանկավարժներ իրենց հաջողված փորձն են ներկայացրել, որը արդյունավետ է եղել: Մեր միջոցառումների հիմնական մեխը կրթության որակի բարձրացումն է: Մենք պետք է հասկանանք`ինչ քաղաքացի ենք ուզում ունենալ և ինչպիսի մարդ ենք ուզում դաստիարակել: Ավելի շատ սրան է ուղղված մեր ծրագիրը: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք ցանկացած ճգնաժամ կկարողանանք հաղթահարել կրթության միջոցով»:

Առաջիկա պլանների և ծրագրի արդյուանավետության մասին «Երիտասարդ  պատմագետների ասոցիացիա»-ի հիմնադիր նախագահն ասում է, որ EduArmenia ծրագրի շրջանակներում սկսում են դպրոցների տնօրենների հետ վերապատրաստում, որին ի դեպ Արցախի 20 դպրոցների տնօրեններն էլ են միացել: Եվ հավաստիացնում է` այս գործը շարունակական է լինելու:  Լիլիթ Մկրտչյանը գոհ է ծրագրի արդյուքներից և նկատում է, որ այս ծրագիրը բավականին շոշափելի արդյունքներ է տվել: Եվ ասվածի վկայությունը բազմաթիվ մասնակիցների, ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնողների և հանրության շրջանում լայն տարածումն ու արձագանքներն է համարում:

Հայկ Մագոյան