տուն Լուրեր Էդուարդ Շարմազանովն ամփոփեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի արդյունքները

Էդուարդ Շարմազանովն ամփոփեց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի արդյունքները

88
0

Sharmazanov

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ամփոփել է մարտի 26-­ին Սանկտ Պետերբուրգում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի արդյունքները: «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը տարվա ընթացքում երկու անգամ հրավիրում է խորհրդի նիստ: Հայաստանից հերթական նիստին մասնակցել ենք ես և պարոն Խոսրով Հարությունյանը:
Նախ ունեցել եմ երկկողմ հանդիպում Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ պարոն Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել ենք մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը և կարևորել հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` մարտի 29-­ին լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: Նիստի ընթացքում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պարբերաբար խախտելու գործելաոճին: «Մենք նիստի ընթացքում ասել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մենք վերահաստատել ենք, որ խաղաղություն ենք ցանկանում, որ բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, սակայն շեշտել ենք, որ խաղաղության հասնելու համար մեծ քայլ կատարելու մեկ պայման կա` Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացումը»,-­ մանրամասնեց Շարմազանովը: Նա իր ելույթում անթույլատրելի է համարել տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորների` ՀԱՊԿ-­ի շահերին հակասող պահվածքը: Շարմազանովն ընդգծեց, որ իր ելույթը ներկաներն ըմբռնել են, իսկ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների քայլերը չհակասեն ՀԱՊԿ անդամ երկրների շահերին: