ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Հաշվի առնելով, որ Էդգար Ծատինյանի մահվան դեպքով քրեական վարույթի մասին մեր նախորդող օրերի տեղեկացումների վերաբերյալ եղան որոշակի տեսակետներ և մեկնաբանություններ՝ հրապարակում եմ քիչ առաջ ՀՀ դատախազության՝ լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը:
Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2019թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր-նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա»ՀԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է:
Ինչպես արդեն տեղեկացվել է, սույն հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար: Արդյունքում, նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ, այն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և ընդունվել վարույթ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-