Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր իր ելույթի ընթացքում, դիմելով Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակիչներին, մատնանշեց այն վտանգավոր պայմանները, որում ապրում են նշված բնակիչները, դրանցից զատ` ընդգծելով նաև սոցիալական խնդիրները, որ ունեն նրանք:
«Կարծում էինք, որ կառավարությունը լուծում կտար ձեր այս խնդիրներին, և այդ նպատակով էլ հայտարարվեց, որ կառավարությունը պատրաստ է թեթևացնելու ձեր ծանր տնտեսական լուծը: Մինչդեռ, մենք տեսանք, որ կառավարությունը մերժեց նախ այն նախագիծը, որի համաձայն` ձեզ պետք է տրվեին սոցիալական արտոնություններ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հողի հարկի, գույքահարկի հետ կապված, և բերվեց մի նոր օրինագիծ: Մենք հասկանում ենք, այցելել ենք ձեզ և գիտենք, թե ինչ պայմաններում եք դուք ապրում: Հասկանալի է, որ նույնիսկ այս պահի դրությամբ կառավարությունը մեզ այդպես էլ չպատասխանեց, թե այս պահի դրությամբ քանի ձեռնարկություն է գործում սահմանամերձ գոտում, ինչպիսին է նրանց ձեռնարկատիրական գործունեությունը: Հասկանալի է, որ ունեք աջակցության կարիք, սակայն, այս օրենքով ձեզ այդ աջակցությունը, ըստ էության, չի տրվելու: Այս օրենքով դուք նորից նույն չափով մուծելու եք էլեկտրաէներգիայի վարձը, ջրի վարձը, գույքահարկն ու հողի հարկը, ինչպես մինչ այսօր դա տեղի է ունեցել և տեղի է ունենալու մինչ այս օրենքի ընդունումը: Հետևաբար` կառավարության կողմից ձեզ տված խոստումը իրականությանը չի համապատասխանում և, փաստորեն, ձեզ կրկին ստեցին»,- իր խոսքում ասաց պատգամավորը: