տուն Քաղաքական Վերլուծական Դրամական զանգվածի աճի միջոցով կարելի է ակտիվացնել տնտեսությունը

Դրամական զանգվածի աճի միջոցով կարելի է ակտիվացնել տնտեսությունը

287
0

74

Նախորդ տարվա ընթացքում, բացառությամբ դեկտեմբերի ամսի, թեև փողի ագրեգատների վարքագծում կտրուկ տատանումներ և փոփոխություններ չեն եղել, այնուամենայնիվ, նկատվել են մի քանի միտումներ, որոնց մասին արժեր խոսել: Այսպես, փողի բազան հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում կտրուկ տատանումներ չի գրանցել, սակայն դեկտեմբերին ԿԲ-ում առևտրային բանկերի թղթակցային հաշիվները ՀՀ դրամով և արտարժույթով ավելացել են 158,5 մլրդ դրամով, որի արդյունքում փողի բազան նոյեմբերին 728,2 մլրդ դրամից աճել է և դեկտեմբերին հասել է 886,7 մլրդ. դրամի: ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալները տարվա ընթացքում էականորեն չեն փոփոխվել: Այնուամենայնիվ, 2014 թ.-ի դեկտեմբերին փողի բազայի ցուցանիշը զիջել է 2013 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշին 1,3 մլրդ. դրամով:

Ինչ վերաբերվում է շրջանառությունում գտնվող կանխիկ դրամի ծավալին,  ապա այն նույնպես համաչափ աճ է ունեցել. հունվարի համեմատ դեկտեմբերին դրա ծավալները աճել են ընդամենը 10 մլրդ. դրամով, սակայն 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել են 36 մլրդ. դրամով: Իսկ դրամային զանգվածը՝ M2-ը նույնպես 2013թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 30 մլրդ. դրամով: Եթե տարվա ընթացքում մինչև հոկտեմբեր դանդաղորեն աճել են հայկական դրամով ցպահանջ և ժամկետային ավանդները, ապա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, դրանք  նվազել են:

Ամբողջ տարվա ընթացքում աճել են արտարժութային ավանդի ծավալները՝ մոտ 155 մլրդ դրամով, որի արդյունքում փողի զանգվածը՝ M2X-ը աճել է 180 մլրդ դրամով, հունվարի 1,49 տրիլիոնի փոխարեն հասնել է 1,67 տրիլիոնի: Այն աճել է նաև 2013 թ. դեկտեմբերի համեմատ 128,8 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ ինչպես տնտեսական ակտիվության ցուցանիշը, փողի ագրեգատները միշտ հունվարին դեկտեմբերի համեմատ զգալի անկում են գրանցում:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ-ում վերջին մի քանի տարիներին դրամային զանգվածի աճի տեմպերը ցածր են, այսինքն դրամային զանգվածը գտնվում է սեղմված վիճակում, միաժամանակ անընդհատ և արագ տեմպերով մեծանում է փողի զանգվածում արտարժույթներով ավանդների ծավալները: Հատկապես դանդաղ է աճում շրջանառությունում գտնվող կանխիկ դրամի ծավալները:

Միաժամանակ, վերջին տարիներին նկատվում է թեˊ դրամային զանգվածում, թեˊ փողի զանգվածում գտնվող կանխիկ դրամի տեսակարար կշռի նվազում, որը դեկտեմբերին դրամային զանգվածում կազմել է 43%, իսկ փողի զանգվածում 21%:

Հիշեցնենք, որ 2010 թ. դրամային զանգվածում այդ հարաբերակցությունը կազմել է՝ 63%, իսկ փողի զանգվածում 30%: Սա ցույց է տալիս, որ թեև դրամով ընդունվող ավանդների բարձր տոկոսադրույքներին, ավանդատուները հակված են ավանդները տրամադրել արտարժույթով: Իշխանությունները էլ, կարծես թե այնքան էլ չեն անհանգստանում դոլարայնացման միտումներով, թեև դրանով մեծանում են ռիսկերը ազգային արժույթի նկատմամբ:

Ավելացնենք, որ տարվա ընթացքում նվազել է միջազգային արտարժութային պահուստները, որը հունվարի 2,1 մլրդ դոլարից հասել է մինչև 1,48 մլրդ. դոլարի դեկտեմբերին: Կրճատվել է նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակներով փոխանցումների զուտ ներհոսքը, որը կազմել է 1,38 մլրդ դոլլար, 2015 թ.-ի 1,54 մլրդ փոխարեն:  Կրճատվել են օտարերկրյա ներդրումները:

Բարձր է արտաքին պետական պարտքի և համախառն արտաքին պարտքի մակարդակը: ՀՀ վճարային հաշվեկշիռը, ինչպես նաև արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ ներմուծումը գերազանցում է արտահանմանը մոտ 3 անգամ: Սա հուշում է, որ մեր երկիրը արտարժույթի խիստ կարիք ունի, որը մասամբ բավարարվում է վարկերի և օտարերկրյա փոխառությունների միջոցով: Մեր երկրում բավականին ցածր է դրամական զանգված/ՀՆԱ հարաբերակցությունը, իսկ փողը հիմնականում կենտրոնացված  է Երևանում: ՀՆԱն` ըստ ծախսերի եղանակի հիմնականում աճում է ընթացիկ սպառման հաշվին: Սա էլ իր հերթին իրականացվում է արտերկրից դրամական փոխանցումների հաշվին, այսինքն տնտեսական աճը պայմանավորված չէ մրցունակ իրական հատվածի զարգացմամբ: 

Հայտնի է, որ դրամական զանգվածի և ՀՆԱ-ի մեջ կապ կա: Դրամական զանգվածի նվազումը բերում է ՀՆԱ-ի անկմանը: ՀՆԱ-ն կախված է համախառն պահանջարկից, սա էլ կախված է դրամական զանգվածից: Երբ կրճատվում է դրամական զանգվածը, ընկնում է համախառն պահանջարկը, դա էլ բերում է տնտեսական աճի դանդաղեցմանը կամ ՀՆԱ-ի անկմանը: 

Դրամի արժեզրկման և գնաճի ռիսկերի վերահսկման համար դեկտեմբերից ԿԲը բարձացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և իրականացնում է տարբեր զսպման միջոցառումներ: Թեև սովորաբար գնաճը կապում են դրամի ավելցուկի հետ, սակայն պարադոքսն այն է, որ ևˊ գնաճի ևˊ դրամի արժեզրկման պատճառ է հանդիսանում նաև դրամի անբավարար լինելը շուկայում: Քանի որ, դրամական զանգվածի սեղմումը բերում է տնտեսական ակտիվության թուլացման, սա, իր հերթին՝ կապիտալի արտահոսքի, արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի և դրամի արժեզրկմանը, սա էլ, իր հերթին՝ գնաճի:

Գաղտնիք չէ, որ դրամի արժեզրկման արդյունքում նկատվում է գնաճ, քանի որ ներմուծվող ապրանքների գները աճում են այդ դեպքում: Դրամի փոխարժեքը պահպանելու համար արտարժույթի շուկայում ԿԲի կողմից ինտերվենցիաները ավելի են վատացնում վիճակը, երբ շուկայից գնվում է դրամ և դոլար է մղվում շուկա, իսկ դա փոխում է դրամական զանգվածի կառուցվածքը: Ինտերվենցիաները, կառավարության հաշիվներում գումարի կուտակումը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը և բանկային պահուստների առաստաղի բարձրացումը բերում է դրամական զանգվածի փոքրացմանը, այսինքն դրամը դուրս է մղվում շուկայից:

Գաղտնիք չէ, որ գնաճը խժռում է դրամական զանգվածը և նվազեցնում դրա գնողունակությունը: Լուծումը դրամական զանգվածի ինդեքսավորման մեջ է՝ գնաճի մակարդակից ոչ պակաս դրամական զանգվածի աճ: Սակայն գնաճի դեմ պայքարելու փոխարեն հակառակ է արվում՝ դրամական զանգվածի աճի տեմպերը ավելի ցածր են լինում, քան գնաճինը: Դա բերում է իրական դրամական զանգվածի կրճատմանը: Վիճակը կարող է ավելի վատանալ, երբ գնաճի զսպման համար Կառավարությունը, որոշում ընդունի ավելացնել դրամական միջոցները ԿԲ-ի ընդլայնված հաշիվներում: Այսինքն, դրանով ոչ միայն չի բարելավում վիճակը, այլ այդ գործողությունները բերում են դրամական զանգվածի կրճատմանը: Իմիջիայլոց, տարվա ընթացքում, ոչ թե աճել, այլ նվազել է ԿԲ-ում Կառավարության հաշիվները, որը դեկտեմբերի դրությամբ կազմել է 116,7 մլրդ. դրամ, հունվարի 226,2 մլրդ. դրամի փոխարեն:

Չպետք է նվազեցնել նաև միջազգային պահուստների մակարդակը, այլ ընդհակառակը արտարժույթի պահուստները պետք է անընդհատ ավելացնել (ավելի շատ ոսկի ձեռք բերել): ԿԲ-ն կարող է դրամի էմիսիա իրականացնի, այդ դրամով գնի ոսկի ու արտարժույթ, որտեղ այդ փողերը կմտնեն տնտեսություն և կարագացնեն տնտեսական աճը: Եթե դրամի ծավալը  բավարար է տնտեսության մեջ, ապա ոչ միայն կաշխուժանա տնտեսությունը, այլ նաև աճում է պահանջարկը հայկական ապրանքների նկատմամբ, ինչու չէ նաև հայկական արժեթղթերի նկատմամբ:

Տնտեսության կայունացման կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները պետք է բերեն իրական դրամական զանգվածի կայուն աճին: Այսինքն, խնդիրը ոչ այնքան փող տպելու մեջ է, որքան այն տնտեսությունից դուրս չհանելու և ավելացնելու մեջ է: Որպիսի տնտեսական աճ ապահովենք, պետք է տնտեսության մեջ աստիճանաբար մեծացնել իրական դրամական զանգվածը, որը պետք է ապահովի Կենտրոնական Բանկը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման նորման պետք է իջեցնել: ԿԲ-ը կարող է գնել ամեն ինչ՝ պարտատոմսեր, արժեթղթեր, դրանով շուկա կներմղվի դրամ: Այսինքն, փողի առաջարկը մեծանում է և այն հոսում է իրական սեկտոր: Իհարկե կա ռիսկ, որ այն կհոսի նաև արժույթի շուկան, բերելով ազգային արժույթի արժեզրկմանը: Սակայն չմոռնանաք նաև, որ դրամի արժեզրկման և գնաճի պատճառները այլ են, և որքան զարմանալի է, նաև շուկայում դրամի անբավարար լինելը կարող է գնաճի բերել:  Այդ պատճառով, դրամի փոխարժեքի կայունության  և գնաճի զսպման համար այլ մեխանիզմներ են պետք: Իսկ տնտեսության ակտիվացման համար պետք է դրամական զանգվածի ավելացում:

Սարգիս Մանուկյան