ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց նախարարներին:
Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը` բոլորդ շատ լավ հասկանում եք. մայր և աղջիկ` նույն դպրոցում, ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ` սուբյեկտիվ»,- ասաց նա:
Երկրորդ հանձնարարականը Լեւոն Մկրտչյանին այն էր, որ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովվի շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները: «Մենք ունենք ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ կապել բոլոր մեր դպրոցների հետ, և, ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք դա օգտագործում»,- ասաց նա և նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են, թե որտեղ ուսուցիչների, համապատասխան մակարդակի պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաների այս դասընթացն իրականացնել: «Կարծում եմ` ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,- հավելեց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց, հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ծառայությունները ավելի հասանելի դարձնել: «Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: Երկրորդ` համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- ասաց Կարապետյանը: Նա նաև հանձնարարեց վերլուծել կենսաթոշակ ու նպաստ նշանակելու գործընթացները, առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:
Իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպությունների մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից գումարներ հատկացնելու ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը:
Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով պետք է ներկայացվեն միջոցառումների ծրագիր ու ֆինանսական հաշվարկներ: «Մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը ամենօրյա կյանքում մենք պետք է զգանք: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե նույնիսկ ազգային ու հանրապետական ծրագիր պետք է հաստատենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկեց թափանցիկ ու բաց աշխատել մամուլի հետ, հասարակությանը պարբերաբար ներկայացնել տեղեկություններ կառավարության աշխատանքի մասի: «Պետք է մարդիկ հասկանան, թե ինչ ենք անում, ինչու ենք անում և ուր ենք գնում»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Փայլակ Ֆահրադյան