տուն Լուրեր Դպրոցների միավորումն ու կոռուպցիոն դրսեւորումները (տեսանյութ)

Դպրոցների միավորումն ու կոռուպցիոն դրսեւորումները (տեսանյութ)

110
0

Նոր ուսումնական տարվան ընդառաջ 13 դպրոցներ կմիավորվեն. նման որոշում է ընդունել կրթության եւ գիտության նախարարությունը: Դպրոցների օպտիմալացման արդյունքում մանկավարժները եւ վարչական համակարգի աշխատակիցներից շատերը կդառնան գործազուրկ: Այսօր Araratnews.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե արդյոք դպրոցների միավորումը ծնելիության նվազման եւ արտագաղթի հետեւանքով չէ որ արվում է: Մկրտչյանը նշեց, որ դրանք նույնպես պատճառներ են:

ԿԳ նախարարն անդրադարձավ նաև հարցին, որ դպրոցների օպտիմալացման հետ կապված հիմնական խնդիրը փակվող դպրոցների ուսուցիչների մտահոգությունն է, որ առանց աշխատանքի կմնան: Մկրտչյանի խոսքով` խոսքը մի քանի տասնյակ մանկավարժների մասին է, որոնց փորձում են աշխատանքի տեղավորել: «Խնդիր ունենք ադմինիստրատիվ աշխատակիցների դեպքում, իսկ մանկավարժների հարցով փորձում ենք խնդիրը լուծել: Մեծ առումով` չունենք աշխատանքից ազատված մեծ թվով ուսուցիչներ»,-ասաց նախարարը:

Մեկ այլ հարցի, որ պետական դպրոցներում կա խնդիր` երկրորդ հերթ են մտցնում, պատճառաբանելով, թե տարածքի խնդիր ունեն, այն դեպքում, երբ որոշ դպրոցներ իրենց տարածքը վարձով են տալիս, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ, Մկրտչյանը պատասխանեց, որ իրենք այժմ մոնիթորինգ են իրականացնում: «Պետք է նաև ծնողի ընտրության հարցը թողնենք, և եթե ծնողն ուզում է, որ հենց այդ դպրոցում սովորի իր երեխան, պետք է մասնաշենքերն ուժեղացնել: Դա մեր լուծումներից մեկը կլինի: Երևանում 30 տոկոսից ավելի դպրոցներ գերբեռնված կամ թերբեռնված են, դրա համար էլ գնում ենք վերակազմակերպման: Բացի այդ, պետք է այնպես անենք, որ կրթական հաստատության շենքերը ծառայեն կրթության կարիքներին, իսկ եթե ազատված շենքի վիճակն անմխիթար կլինի, այն կփոխանցենք պետգույքին»,- ասաց նախարարը:

Araratnews.am-ի հարցին, թե ինչպես է նախարարությունը պայքարելու ուսումնական հաստատություններում կոռուպցիոն դրսեւորումների դեմ, մասնավորապես, երբ տնօրեն եւ մանկավարժ աշխատանքի ընդունելու համար ֆիքսված գումար են պահանջում, Մկրտչյանն արձագանքեց. «Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվի` պետք է դատվի, եթե պաշտոնյան է անում, նորից պետք է դատվի»: Ըստ նախարարի` այստեղ անելիք ունեն դպրոցների խորհուրդները, որոնք պետք է իսկապես անկախ լինեն:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան