2019 թ. մարտի 3-6-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Բելգիա եւ հանդիպեց բարձրաստիճան պաշտոնյաներից Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, այցելեց IMEC (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն, Լյուվենի կաթոլիկ համալսարան: Լյուվենի համալսարանում՝ IMEC կենտրոնում, ստորագրվեցին համագործակցության մի քանի հուշագրեր:
Ի՞նչ արդյունքներ ունենք Նիկոլ Փաշինյանի այցից հետո, արդյոք Հայաստան-Բելգիա համագործակցության խորացման գործընթաց է սկսվել, Araratnews.am-ը զրուցեց Լյուվենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, երաժիշտ, մարտի 3-6-ին Բելգիայի պատվիրակության անդամ Տիգրան Մահտեսյանի հետ:
Պարո՛ն Մահտեսյան, ինչպե՞ս եղավ, որ Դուք ոչ թե Հայաստանի, այլ Բելգիայի պատվիրակության անդամ էիք Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ:
Ես չգիտեմ, թե ով էր որոշել, բայց Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանն ու ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը բացառվում է, որ ինձ հետ կապված դրական քայլ անեն:
Ինչո՞ւ:
Այս ամենը սկսվեց մի քանի տարի առաջ, երբ ցանկանում էինք հայագիտության կենտրոն բացել Բելգիայում: Հայագիտության կենտրոն Բելգիայում եղել է մինչեւ 1920-ական թվականները: Մինչեւ Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայում դեսպան նշանակվելը նախկին դեսպան Ավետ Ադոնցի հետ արդեն պայմանավորվել էինք, որոշակի հանդիպումներ եղել էին: Սակայն մի քանի ամսից Ավետ Ադոնցը նշանակվեց Իսպանիայում Հայաստանի դեսպան (Ավետ Ադոնցը Բելգիայում դեսպան է եղել 2009-2014 թթ., իսկ 2014 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է դեսպան Իսպանիայում-հեղ.): Ավետ Ադոնցից հետո, երբ Բելգիայում դեսպան նշանակվեց Թաթուլ Մարգարյանը, փորձեցինք հայագիտական կենտրոնի բացման կիսատ մնացած աշխատանքները շարունակել: Դեսպանին հրավիրեցինք Լյուվենի համալսարան՝ լանչի, որ խոսենք կենտրոնի բացման մասին, սակայն նա ասաց՝ սուբորդինացիայի հարց կա, դուք եկեք ինձ մոտ: Դա ինձ զարմացրեց՝ ի՞նչ սուբորդինացիա: Մենք պրոֆեսորներով սպասում ենք՝ հայագիտության կենտրոնի ճակատագիրը որոշենք, նա ասում է՝ չեմ կարող գալ: Չհասկացա, մենք ոչնչությո՞ւն ենք, նա՝ աստվա՞ծ: Ես սա համարում եմ դիվերսիա հայ ազգի հանդեպ: Նույնն արեց Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Կլինիկա պետք է բացվեր Հայաստանում մեր միջոցներով, սակայն Նարիմանյանը չեկավ ու պայմանագիրն էլ չստորագրեց: Սա եւս դիվերսիա է հայ ազգի հանդեպ: Դեսպանատան այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք գիտենք՝ ինչ մութ ու կասկածելի ֆինանսական գործարքներ են անում դեսպանն ու առեւտրային կցորդը:
Իսկ Փաշինյանի այցն ի՞նչ արդյունքներ է տալիս:
Այսպիսի շարժ վաղուց չէր եղել: Նիկոլ Փաշինյանը հրավիրեց մեզ՝ Բելգիայի պատվիրակության անդամներիս Եվրախորհրդարան՝ իր ելույթը լսելու: Ելույթը հրաշալի էր: Նա իր տեսլականը ներկայացրեց, ու ոչ մի ավելորդ խոսք չհնչեց: Ինչ վերաբերում է Բելգիայի հետ համագործակցությանը, ապա կոնկրետ Լյուվենի համալսարանի հետ շատ պայմանագրեր կարող էին կնքվել: Օրինակ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության պայմանագիրը Ռադիկ Մարտիրոսյանը չեղյալ համարեց, քանի որ այն ստորագրել էր իր տեղակալը: Դրանից հետո մեր համալսարանի ռեկտորը, որն իմ ընկերն է, Փաշինյանի այցի ժամանակ չցանկացավ միանգամից համագործակցության պայմանագիր ստորագրել, այլ բավարարվեց համաձայնության հուշագրով: Փաշինյանի այցի ժամանակ միայն հաջողվեց համագործակցության պայմանագիր IMEC-ի հետ կնքել, որը պետք է լիներ դեռ 15-20 տարի առաջ: Ասեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուշադիր հետեւում է Բելգիայի առողջապահության ոլորտի զարգացումներին: Ավելին՝ համագործակցության հուշագիր է ստորագրվելու Լյուվենի համալսարանի եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ: Հիմա սպասում ենք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի քայլերին: Նրան առաջարկել ենք, որ համապատասխան կոմիտեում ընդգրկված լինելուց հետո առանց վարձատրության Հայաստանի առաջատար համալսարաններից մեկ-երկուսը 5-6 տարում դարձնենք աշխարհի առաջատար 100 համալսարաններից մեկը: Առաջարկել ենք նաև, որ Բելգիայում թեզ ու դոկտորական պաշտպանելը ճանաչվի նաև Հայաստանում: Սա ֆենոմենալ բան կլինի: Ես միշտ ասել եմ՝ կա հնարավորություն, որ Լյուվենի համալսարանի պրոֆեսորները օնլայն ու անվճար դասախոսություն կարդան Հայաստանի հայ ուսանողներին: Կամ այստեղի բժիշկները գան 1-2 օր անվճար բուժեն Հայաստանի հիվանդներին: Այս վերջին առաջարկը ես ներկայացրել եմ ՌԴ դեսպանին Ռուսաստանի համար, որն էլ իր երկրում հաջող իրականացրել է: Ինչո՞ւ մենք եւս չենք օգտվում այս ծրագրից, որովհետեւ մեր դեսպանատունը վատ է աշխատում:
Ձեր դժգոհությունը ՀՀ վարչապետին կամ այլ պաշտոնյաների հիմա կամ նախկինում ասե՞լ եք:
Մեզ չէին թողնում, որ Փաշինյանի հետ նորմալ շփվեինք: Հենց ուզում էինք խոսել նրա հետ, դեսպանը գալիս խանգարում էր, կամ կանչում էին մեզ: Ավետ Ադոնցի ժամանակ բոլոր միջոցառումների հրավերները մենք ստանում էինք, իսկ հիմա դեսպանատունը ոչ մի հրավեր չի ուղարկում: Բոլոր կապերը խզել են մեզ հետ: Ժամանակին առաջարկել եմ անգամ Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի FULL Professor և Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեին պատվո հյուպատոս նշանակել, սակայն դեսպանատունը մերժեց, որովհետեւ Մարկ Վան Հյուլեն աչք չէր փակի անօրինականության վրա: Ավելին ասեմ, երբ հայագիտության կենտրոնը դեսպանատան մեղքով չբացվեց, որոշեցինք առանց նրա անել: Բայց պետք էր Հայաստանից մեկը գար: Ու գիտեք ո՞վ եկավ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, որպես հայագիտության ներկայացուցիչ: Եկավ ու այնպիսի անհեթեթ բաներ ասաց, որ այդ կենտրոնի բացումը չեղյալ համարվեց: Լյուվենի համալսարանի պրոռեկտորն էլ ասաց՝ եկեք սառեցնենք այս ծրագիրը, մինչեւ ղեկավարություն փոխվի Հայաստանում: Ես անգամ նամակ էի գրել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին եւ պատմել ամեն ինչ, սակայն ուշադրություն չէին դարձրել: Նամակն էլ հետ էին վերադարձրել դեսպանին՝ Թաթուլ Մարգարյանին:
Թավշյա հեղափոխության մեկ տարին կլրանա: Նոր կառավարության բարեփոխումներն ինչպե՞ս եք գնահատում:
Նախ ասեմ, որ թավշյա հեղափոխության օրերին Բելգիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա եղավ հայերի կողմից: Երբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին, ես դիմեցի Բելգիայի արտաքին գործերի նախարարի հայկական դեպարտամենտի ղեկավարին, որն իմ ընկերն է, որ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատ արձակելու պահանջ ուղարկի Հայաստանի ԱԳՆ: Եւ այդպես էլ եղավ: Ինչ վերաբերում է կառավարության բարեփոխումներին, ապա շարժ կա: Մենք այնքան երկար շարժ չենք տեսել, որ մի փոքր բան էլ լինում է, երջանկանում ենք: Լավատեսորեն ենք տրամադրված կառավարության հանդեպ:
Կառավարությունը կրճատում է նախարարությունների թիվը, լուծարում է նաև մշակույթի նախարարությունը: Դուք որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ ճի՞շտ եք համարում գործընթացը:
Այո՛, ճիշտ են անում, բայց մարդկանց զբաղվածության խնդիրը պետք է լուծել, նոր անել այդ քայլը: Ժամանակին Բելգիայում կար մի քանի հարյուր համալսարան, սակայն տարիներ առաջ որոշեցին օպտիմալացնել համալսարանները եւ մեկ համալսարանում՝ Լյուվենի համալսարանում, մի քանի գիտության, կրթության, արվեստի մի քանի ճյուղ ներառել: Դրանից հետո համալսարանի վարկանիշը արագ բարձրացավ: Կարծում եմ՝ Հայաստանում էլ պետք է նույն բանը լինի:
Հայաստանում իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս է խոսել սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացնելու մասին: Արդյոք Դուք չե՞ք ցանկանում վերադառնալ Հայաստան:
Ես ունեմ ցանկություն, պատրաստ եմ կոպեկներով աշխատել Հայաստանում, սակայն իմ գրած նամակին այդպես էլ ոչ ոք չի արձագանքել: Ես նամակ էի գրել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին ու Նիկոլ Փաշինյանին, սակայն այդպես էլ պատասխան չեմ ստացել: Մենք չենք եկել արտերկիր՝ հավերժ մնալու, դա ստիպված ենք արել: Բելգիան հրաշալի երկիր է, բայց ես հասկացա, որ ամեն ձուկ պետք է լող տա իր ջրում: Սակայն եթե Հայաստանում զբաղվածության խնդիր կա, բժշկական ապահովագրություն չկա, մարդու կյանքն ապահովագրված չէ, ո՞վ կվերադառնա, ո՞վ կթողնի իր բարեկեցիկ կյանքն այստեղ:
Դե, հայրենիքը սիրում են նաև նեղ օրերին եւ այն շենացնում են միասին:
Դրա համար էլ փորձում եմ շենացնել, ինչքան կարողանում եմ, որ բոլորը հետ գան (ծիծաղում է-հեղ.):
Հ.Գ. Araratnews.am-ը պատրաստ է լսելու ներկա ու նախկին պաշտոնյաների, Բելգիայի դեսպանատան արձագանքը Տիգրան Մահտեսյանի հայտարարությունների մասին: Իսկ առաջիկայում կներկայացնենք Բելգիայում հաջողության հասած Լյուվենի համալսարանի երաժիշտ, դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանին:
Լուսանկարը՝ Տիգրան Մահտեսյանի «Ֆեյսբուքի» էջից:
Սոնա Դավթյան