տուն Լուրեր Դիմելու ենք կանցլերին. զարգացումներ՝ Շվեդիայում մահացած հայ քաղաքացու գործից

Դիմելու ենք կանցլերին. զարգացումներ՝ Շվեդիայում մահացած հայ քաղաքացու գործից

107
0

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Շվեդիայի Օրեբրո քաղաքում մահացած Դավիթ Բարսեղյանի գործին, որը մահացել էր 2017-ի փետրվարի 6-ին: Ընդամենը չորս օրով էր 32-ամյա երիտասարդըը մեկնել Շվեդիա: Ըստ հարազատների` Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որի պատճառով նրա երկու ընկերները ցանկացել են ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը, սկսել փսխել: Այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ անհապաղ շտապօգնություն կանչեն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները շտապօգնություն  չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, հայհոյանքներ են տվել: Դրանից հետո երկու ոստիկան մտել է Դավիթ Բարսեղյանի թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել: Մոտ մեկ ժամ անօգնական վիճակում մնալով` Դ. Բարսեղյանը մահացել էր:

Գրել էինք, որ Շվեդիայի ոստիկանության հանձնաժողովը վերջնական եզրակացություն էր տվել, ըստ որի՝ Դավիթ Բարսեղյանի մահվան համար Շվեդիայի ոստիկանությունը մեղավոր չէ: Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Salmi & Partners փաստաբանական ընկերության շվեդաբնակ փաստաբան Մարկ Սաֆարյանից Araratnews.am-ն այսօր տեղեկացավ, որ Դավիթ Բարսեղյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու մասին Շվեդիայի դատախազի որոշումը բողոքարկելու են Շվեդիայի արդարադատության կանցլերին: «Չնայած հույս չկա, որ էական որեւէ բան կփոխվի Շվեդիայի պաշտոնական դիրքորոշման մեջ, սակայն սա անհրաժեշտ է անել մինչեւ Եվրադատարան դիմելը»,- ասաց փաստաբանը:

 

Սոնա Դավթյան