Araratnews.am-ի զրուցակիցն է ՍԻԱՍ միջազգային անվտանգության հատուկ ակադեմիայի փոխտնօրեն, Կրավ Մագա հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Կրավ Մագան:
Այն ոչ մարզաձեւ է, ոչ՝ սպորտաձեւ, ինքը անվտանգության եւ ինքնապաշտպանության ձեռնամարտի համակարգ է, որի մեջ ներառված է տասից ավելի կայուն մարտարվեստներից լավագույն հնարքների հավաքածու: Ունենք էլեմենտներ թեթեւ ատլետիկայից, ծանր ատլետիկայից, ունենք հատուկ մեթոդաբանություն, որի արդյունքում սովորական մարզվողը ինքը շատ կարճ ժամանակահատվածում դառնում է եւ ֆիզիկապս առույգ, եւ հոգեպես պատրաստված անձնավորություն, որ տարբեր իրավիճակներում կարողանա ճիշտ կողմնորոշվել: Իսկ ճիշտ կողմնորոշվել չի նշանակում դիմացինին հաղթել, կամ ծեծել, ուղղակի պաշտպանվել այդ մարդուց: Կրավ Մագան ունի հինգ ուղղություն: Առաջինը՝ ռազմական ուղղություն է, երկրորդը՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար նախատեսված տեխնիկան է: Ոստիկանության աշխատակցի նպատակը ոչ թե հանցագործին ծեծելն է, այլ՝ իրավախախտին զինաթափել, ձերբակալել եւ ուղեկցել: Այսինքն մինիմալ ցավ պատճառելով, հասնել մաքսիմալ արդյունքի: Երրորդ ուղղությունը հիմնականում օգտագործվում է անվտանգության աշխատակիցների համար, այսինքն կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պաշտպանել երրորդ անձին: Չորրորդ ուղղությունը՝ ավիացիոն անվտանգությունն է: Խոսքը վերաբերում է ահաբեկիչներին չեզոքացնելու մեթոդներին: Իսկ վերջինը՝ քաղաքացիական անձանց համար է նախատեսված, որի նպատակը ոչ թե դիմացինին ծեծելն է, այլ ուղղակի նրանից պաշտպանվելը:
Այդ հինգ եղանակներից, որն է Հայաստանում առավել զարգացած, կամ գոնե պահանջարկ վայելող:
Երբ, որ մենք հինգ տարի առաջ սկսում էինք Կրավ Մագան զարգացնել հանրապետությունում, շատ քիչ մարդ գիտեր, թե առհասարակ իրենից ինչ է ներկայացնում այն, միայն ոլորտի մարդիկ, եւ այնպես չէ, թե գիտեին ինչ է այն, ուղղակի տեղյակ էին, որ կա շատ արդյունավետ համակարգ, որը գնալով աշխարհում առավել լայն տարածում է ձեռք բերում: Այսօր ինչքան նորմալ երկիր կա, բոլորի հատուկ նշանակության ջոկատներում, բանակում, տարբեր կանոնադրական խնդիրներ իրականացնող կազմակերպություններում աշխատակիցները սովորում են Կրավ Մագան, որը անընդհատ զարգանում է: Մարդիկ զարգանում են, մոտեցումները՝ նույնպես: Կրավ Մագան եւս պարբերաար զարգանում է: Ոչ բոլոր մարդիկ են ցանկանում սպորտսմեն դառնալ,սպորտում արդյունքներ գրանցելը երկար գործընթաց է, իսկ այստեղ արդյունքները կարճ ժամանակում տեսանելի են:
Սարգիս, հատկապես ի՞նչ տարիքային խմբի մարդկանց է հետաքրքրում Կրավ Մագան:
Քանի որ Կրավ Մագան իրենից չի ներկայացնում զուտ սպորտաձեւ, կամ մարտարվեստ, ինքն այսօր ավելի շատ կենսաձեւ է, այսինքն ինչպես լինել առողջ եւ պաշտպանված: Տարբեր տարիքային եւ տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ են այցելում, նաեւ աղջիկներ, քանի որ ինքնապաշտպանությունը բոլորին է պետք: Պարապմունքների ժամանակ մեծ դեր է տրվում տարբեր խոչընդոտներ հաղթահարելուն, այսինքն տարատեսակ իրավիճակներ հաղթահարելուն: Երկրորդ ուղղությունը՝ հոգենաբանական արգելքը հաղթահարելն է: Այսօր այդ բառը շատ է ծեծված, որովհետեւ այսօր ամեն զարթնողը կամ դառնում է ֆիտնեսի մարզիչ, չնայած երեք օր առաջ էր իմացել դրա մասին, կամ ամեն երրորդը դառնում է հոգեբանական պատրաստվածություն իրականացնող անձ, ինչը իրականում ցավալի է: Մենք զարգացնում ենք սթրեսադիմացկունություն: Տարբեր իրավիճակներում մարդը հայտնվում է հոգեբանական տարբեր իրավիճակներում, իսկ մեր պարապմունքների ժամանակ սովորեցնում ենք դրանք հաղթահարել: Երրորդ ուղղությունն էլ ըստ էության մկանային հիշողությունն է:
Հասարակության շրջանում հայտնի մարդիկ դիմո՞ւմ են Ձեզ:
Նշեմ, որ ավելի շատ աղջիկներ են դիմում, ամեն մեկն իր խնդիրներով է գալիս: Ունենք ծրագրավորողներ, բանկիրներ, ունենք տարատեսակ սպորտաձեւով զբաղվող մարզիկներ: Ցանկացած մարզաձեւում սովորեցնում են մարդ ծեծել, բայց ոչ մի տեղ չեն սովորեցնում ինքնապաշտպանվել, չնայած որ բոլորն ասում են եկեք ինքնապաշտպանություն սովորեցնենք, բայց բոլորը չեն կարող, քանի որ դրա համար հատուկ գիտելիքներ է պետք: Այսօր քեզ լրիվ ուրիշ ձեւով են ծեծում, քան ասենք 15, կամ 100 տարի առաջ: Բավականին հայտնի մարդիկ կան, ովքեր գալիս են: Դերասաններ ունենք մարզվող մեր մոտ, մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում:
Անուններ կասեք:
Անուններ չեմ տա, որովհետեւ դուք քաղաքական լրագրող եք, եւ անունները կհայտնվի հարցազրույցի մեջ, բայց ասեմ, որ ճանաչում եք, չեմ ուզում անուններ տալ: Նրանք հետաքրքրված են Կրավ Մագայով: Բացի այդ մեզ հետ մարզվելը նաեւ հաճելի է: Ունենք հարմարեցված մարզասրահ, ամեն ինչ մեկ հարկի տակ, բայց այդ ամեն ինչը գլամուրային ձեւաչափով չէ, այլ մարտական պատրաստվածությանը համապատասխան:
Ունե՞ք պետական աջակցություն, կամ Սպորտի նախարարությունը օգնում է Կրավ Մագան զարգացնելու համար:
Ցանկացած սպորտաձեւ զարգացնելու եւ հովանավորչության կարիք ունի, մեր ֆեդերացիան էլ այսօր բացառություն չի կազմում, մենք ենք այդ գումարները հայթհայթում, քանի որ երկրում զարգացնել մի բան, որն առհասարակ չի եղել տասնապատիկ ավելի բարդ է, քան եղածը փորձել մեկ քայլ առաջ տանել: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը օգնության կարիք ունի, այդ իսկ պատճառով նախարարությանը չենք անհանգստացնում, բայց մեր երկիրն ունի մեկ խնդիր, որ հիմնականում ուշադրություն է դարձնում օլիմպիական մարզաձեւերին, ֆեդերացիաներին, այդ ամեն ինչը հասկանալի է, քանի որ հնարավորությունները սուղ են:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի