Դիլիջանի Օրջոնիկիձեի թաղամասի 73 հասցեի շենքի բնակիչներն ահազանգում են. վերջին երկու ամիսներին ջուրն անջատում են, օրվա մեջ կես կամ մեկ ժամ է ջուր լինում, այն էլ՝ հստակ ժամ չկա:
«Հնարավոր է՝ ջուրն առավոտ շուտ տան կամ գիշերը: Եթե բախտդ բերի՝ ջրերը տված ժամանակ ծորակը բացես, ուրեմն մի քիչ ջուր կունենաս, եթե չէ՝ էդպես էլ առանց ջուր կմնաս: Մեր թաղամասում 6 հինգհարկանի բնակելի շենքեր կան, բոլորի դեպքում էլ նույն խնդիրն է: Շատ ժամանակ պահակ ենք նստում, որ երբ ջուրը գա՝ հավաքենք կամ լվացքի մեքենան միացնենք»,- նշում է մեզ ահազանգած բնակիչներից մեկը:
Քաղաքացին նաև ընդգծում է, որ հերիք չէ՝ ջուրը ժամով է, հետն էլ՝ որակը լավը չէ. «Ահավոր պղտոր ջուր է գալիս, մինչև բաց ենք թողնում, որ մի քիչ մաքրվի, նոր վերցնենք օգտագործելու համար, ջրերը կտրում: Արդեն անհնար է էս վիճակով»:
Շենքի բնակիչները դիմել են ջրմուղ, սակայն խնդիրն այդպես էլ հստակ լուծում չի ստացել. «Մեր զանգից հետո՝ հաջորդ օրը եկել նայել, գնացել են: Գնալուց հետո կես ժամ ջուր ենք ունեցել, ու էդ ընթացքում զանգել, հարցրել են՝ ջուր ունե՞ք, մենք էլ պատասխանել ենք՝ հա: Էդ ասելուց հետո նորից անջատել են, ու իրականում ոչ մի բան չի փոխվել»:
Ջրի մատակարարման անկանոն ժամերից արդեն բնակիչների տեխնիկան է փչանում, մեզ ահազանգած քաղաքացին նշում է, որ ջրի պատճառով լվացքի մեքենան էլ չի աշխատում. «Ջրերը տվել են, մեքենան միացրել ենք, հետո որ կտրել են, առանց ջրի չի կարողացել աշխատի, փչացել ա: Հիմա էսօր մի անգամ սարքեցին, բայց որ նորից լինի՝ էլ սարքել չի լինի»:
Araratnews.am-ը խնդրի հետ կապված փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլիա ջուր»-ից, որտեղից ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ խնդրից անտեղյակ է: Խնդրեց ժամեր անց զանգահարել, մինչև կպարզեն՝ ինչ է եղել:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ