Ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգակ Թրևոր Նոյն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում հայերի վերաբերյալ՝ Daily Show հաղորդման ժամանակ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը: Հաղորդման եթերից հետո ԱՄՆ-ի փաստաբանների հայկական միությունն իր դժգոհությունն է հայտնել հաղորդավարի արարքի կապակցությամբ և պահանջել Daily Show-ից ներողություն խնդրել հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:
Araratnews.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց՝ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու այս ամենի դեմ, որպեսզի Daily Show-ի հաղորդման կազմակերպիչներն ու հաղորդավարը ներողություն խնդրեն: «Դա հումորային հաղորդում, եւ լուրջ վերաբերվել դրան, կարծում եմ, պետք չէ: Բայց քանի որ կա հասարակական ընդվզում, մենք էլ վատ ենք զգում դրանից, ԱՄՆ-ում մեր դեսպանությունը քայլեր է ձեռնարկում: ԱՄՆ-ի հայկական համայնքի կառույցները կապ են հաստատել Daily Show-ի խմբագրության հետ՝ պարզաբանումներ եւ ներողություն պահանջելու ակնկալիքով»,- պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մեր հարցին՝ Daily Show-ի խմբագրակազմը ներողություն կխնդրի՞ հայերից, Տիգրան Բալայանը դժվարացավ ասել. «Դա կախված է տվյալ խմբագրակազմի քաղաքականությունից»:
Արդյոք այս արտահայտությունը խտրական վերաբերմունք չէ: Եթե այո, ապա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ քայլեր է ձեռնարկելու: Ի պատասխան ՄԻՊ-ի գրասենյակից մեզ տեղեկացրին՝ հարցն նրանց իրավասության շրջանակից դուրս է:
Սոնա Դավթյան