Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիպում է ունեցել քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվել է Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։
Զահլեի քաղաքապետը կողմից բարձր է գնահատվել հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար է համարվել պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։
Անդրադարձ է կատարվել ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։
Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։