ԱԺ քառօրյայի ՄԻՊ հաշվետվության մասին իր տեսակետը ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Հարգելի խորհրդարան, Մարդու իրավունքների պաշտպանը 2013թ. իր զեկույցում ոլորտ առ ոլորտ արձանագրել է իր նկատած թերությունները: Պետք է արձանագրել, որ խնդիրները կրում են խրոնիկ, կրկնվող բնույթ: Արդեն 6 տարի շարունակ ընթացող մարտի 1-ի քննության մասին ներկայացվել է նաև 2011-2012թթ ՄԻՊ հաշվետվության մեջ: Ո՞վ է հավատում, որ մարտի մեկն անհնար է բացատրել: Հետևությունը մեկն է. ամեն ինչ արվում է մարտի 1-ը կոծկելու համար: Դատաիրավական խախտումներին ևս անդրադարձ է կատարվել զեկույցում: Մեր քաղաքացիները չեն վստահում այդ համակարգին: Ինչպե՞ս վստահեն, երբ ոմանք անձեռնմխելի են, երբ երկրում կա երկու արդարություն՝ սովորական մահկանացուների ու պաշտոնյաների համար: Դատավորների հանդեպ հարուցվել է ընդամենը 3 կարգապահական վարույթ: Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների գործերը ևս մնում են չբացահայտված: Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է նաև նախագահական ընտրություններին: Առաջարկել է որպես ընտրողների ստուգման համակարգ ներդնել մատների թանաքոտումը: Իհարկե պետք է նաև նկատի ունենալ, որ ամենակատարյալ օրենսգիրքն անգամ չի կարող ապահովագրել կեղծիքներից, եթե իշխանության ցանկությունը կեղծիքներն են»: