Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն է ավարտել ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրեց ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:
Նշենք, որ Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները: