տուն Լուրեր Դատախազությունն 80 հաղորդում է ուսումնասիրել առաջիկա ընտրությունների հետ կապված

Դատախազությունն 80 հաղորդում է ուսումնասիրել առաջիկա ընտրությունների հետ կապված

117
0

dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4‐ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում եւ ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ: Տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19‐ն են պարունակել առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

«Նշված 19 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 10‐ով՝ ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: 19 հաղորդումներից 14‐ը վերաբերել են առերեւույթ ընտրակաշառքի, 5‐ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի»,‐ասված է հաղորդագրության մեջ: Իսկ արդեն մարտի 5‐ից՝ ժամը 09.00‐18.00 ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ ﴾010﴿ 511‐603 հեռախոսահամարով, որի նպատակն է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալը, դրանց բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետությունը բարձրացնելը։ Քվեարկության օրը թեժ գիծը կգործի շուրջօրյա։ «ՀՀ դատախազությունը հորդորում է շահագրգիռ անձանց առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները հայտնել թեժ գծի միջոցով: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է»,‐նշված է հաղորդագրության մեջ: