տուն Լուրեր Դատավորի դեմ վարույթ հարուցելու առիթը հստակեցված չէ. նախարարությունը՝ ձայնագրության մասին

Դատավորի դեմ վարույթ հարուցելու առիթը հստակեցված չէ. նախարարությունը՝ ձայնագրության մասին

136
0

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կանդրադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության համար առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին զանգելու փաստին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որում Վանեցյանը ՀՔԾ պետին ասում է, որ դատավորը զանգահարել է իրեն եւ տեղեկացրել՝ քննում է Քոչարյանին կալանավորելու հիմքերը:

Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արման Խաչատրյանից տեղեկացել էինք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը պետք է անի Բարձրագույն դատական խորհուրդը կամ արդարադատության նախարարությունը:

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը Araratnews.am-ին տեղեկացրեց՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը դեռ հստակեցված չէ. ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունը հակասական է, գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ հարուցված է քրեական գործ, հետևապես այս փուլում կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկման փուլում է:

Սոնա Դավթյան