Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի հինգին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործով 4 տարի ազատազրկման է դատապարտել. գրում է Aliq.ge-ն:
Սաակաշվիլիի պատիժը «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազել է և կազմել 3 տարի:
Դատարանի որոշմամբ, Սաակաշվիլիին նաև երկու տարով արգելվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակվող պաշտոն զբաղեցնել, որը նույնպես՝ «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազեցվել է և կազմել 1 տարի:
Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեջ:
Գլխավոր դատախազությունը գտնում է, որ Սանդրո Գիրգվլիանիի գործը համակարգային հանցագործություն է, որում ներգրավված են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, պատիժների իրականացման նախկին նախարար Բաչո Ախալայան և վերջինիս եղբայրը` Դաթա Ախալայան:
Ըստ դատախազության, Գիրգվլիանիի հանդեպ իրականացրած հանցագործությունը կոծկվել է, հետաքննությունը կեղծվել է, ներգրավված բարձրաստիձան պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ենթարկվել պատասխանատվության և պահվել են: Դրանք են` ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին տնօրեն Դավիթ Ախալայան, պատիժների իրականացման նախկին նախարար Բաչո Ախալայան, գլխավոր դատախազն ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: