տուն Լուրեր Դատարանը մերժեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու միջնորդությունը

180
0

Permyakov

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական հերթական նիստում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց Ավետիսյանների տանը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ` ըստ էության այդ միջնորդությունը կազմված է երկու մասից:

Առաջինը` Ավետիսյանների տանը` Մյասնիկյան 188 հասցեում, քննչական փորձաքննություն իրականացնել` Ավետիսյանների ընտանիքի անդամների գտնվելու վայրի և Պերմյակովի գործողությունների վերաբերյալ: Երկրորդ` Պերմյակովի ինքնաձիգից կրակոցների լսելիության վերաբերյալ:

Ըստ էության գործով տվյալ հասցեում փորձաքննություն չի իրականացվել, այլ ռուսական կողմն իրականացրել է նմանատիպ փորձաքննություն` Ավետիսյանների տան նման մոդուլ կառուցելով: Եթե, ըստ դատախազ Գևորգ Գևորգյանի, փորձաքննությունը ժամանակավրեպ է, ապա, ըստ Սաքունցի, դա անհրաժեշտ է օբյեկտիվությունից ելնելով, քանի որ ամբաստանյալն ընդհանրապես գործի ընթացքում Ավետիսյանների տուն չի տարվել:

Միջնորդության առաջին մասով բավարարման համար անհրաժեշտ է ամբաստանյալի ցանկությունը, սակայն փորձաքննությանը մասնակցելու ցանկության վերաբերյալ Պերմյակովի դատապաշտպանի հարցին ի պատասխան ամբաստանյալը հրաժարվեց: «Չեմ կարող, չեմ ցանկանում»,­- եղավ Պերմյակովի պատասխանը:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրեց ` արդյո՞ք Պերմյակովը մտավախություն ունի, որ նման փորձաքննության մասնակցելով վտանգում է իր կյանքը, մեղադրյալը պատասխանեց, որ ոչ, պարզապես չի ցանկանում, չի կարող:

Միջնորդության այս մասը մերժվեց դատարանի կողմից: Ավելի ուշ բուռն քննարկումներից հետո մերժվեց նաև կրակոցների լսելիության միջնորդությունը: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12­ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00­ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։

Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող­ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ­թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-­րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-­րդ հոդվածի 2-­րդ մասի 1-­ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104­րդ հոդվածի 2­րդ մասի 1­ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-­ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: