տուն Լուրեր Դատարանը մասնակի վերացրել է «Սասնա ծռերի» երեք անդամների տեսակցության արգելքը

Դատարանը մասնակի վերացրել է «Սասնա ծռերի» երեք անդամների տեսակցության արգելքը

130
0

sasna-crer

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի երեք անդամներ դատարանի որոշմամբ իրավունք ունեն տեսակցելու ընտանիքի անդամների և մերձավորների հետ։ Որոշումը կայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով` Միայնակ Գայլ մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պահանջով ինքը դիմել էր դատարան, նշելով, որ գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան, և նախաքննական մարմնի պնդումները, թե կխոչընդոտեն նախաքննությունը, այլևս արդիական չեն։ Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը։

Միեւնույն ժամանակ, փաստաբանի խոսքով, դատարանը մասնակի է բավարարել իր միջնորդությունը: Նշված անձինք կկարողանան հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ ունենալ միայն հարազատների եւ մերձավորների հետ, իսկ ահա շփումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ արգելված է: Արայիկ Պապիկյանը հույս հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամների տեսակցության վրա դրված արգելանքը եւս կհանվի: