տուն Լուրեր Դատական իշխանությունը պետք է անկախ դարձնել գործադիր և օրենսդիր իշխանություններից

Դատական իշխանությունը պետք է անկախ դարձնել գործադիր և օրենսդիր իշխանություններից

163
0

Artak_Zaynalyan

Մարդիկ չեն կարողանում իրացնել պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու իրենց իրավունքը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

«Մենք պատկերացնում ենք, որ պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ հանրությունը կարողանա իրացնել պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու և ինքնադրսևորվելու իր իրավունքը, դա կնպաստի նաև տնտեսության զարգացմանը, որովհետև մեր հասարակության մեջ կան շատ հնարամիտ, ստեղծագործ մարդիկ, ովքեր նման պայմանների դեպքում կկարողանան հաջողություն ապահովել»:

Խնդիրների լուծման համար, բանախոսի կարծիքով՝ պետք է դատական իշխանությունն անկախ դարձնել ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր իշխանությունից. «Դատական իշխանությունն անկախացնելու համար առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արդարադատության խորհրդի ձևավորմանը և վճռաբեկ դատարանների դատավորների նշանակմանը մասնակցեն հնարավորինս շատ պատգամավորներ, և հաշվի առնվի նաև քաղաքական փոքրամասնության տեսակետը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ այսօր նոր Սահմանադրությունը տալի՞ս է իսկապես արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն, և արդյոք կարելի՞ է ակնկալել բարեփոխումներ մարդու իրավունքների, արդարադատության ոլորտում, ասուլիսի մյուս բանախոս, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Բագրատ Եսայանը պատասխանեց. «Մենք դեռևս գտնվում ենք անցումային շրջանում և նախորդ Սահմանադրության և այս Սահմանադրության անցումային փուլում ենք: Դատական իշխանության մասով ասել, որ այս Սահմանադրությունը չի ապահովում դատական իշխանության անկախացում, քանի որ պրակտիկայում նման դեպք չի եղել, ես առայժմ ձեռնպահ կմնայի համաձայնել կամ չհամաձայնելուց»:

Բագրատ Եսայանը նաև ընդգծեց, որ Սահմանադրության առումով իրենք հասան իրենց նպատակին. «Ամրագրվեց 100 տոկոս համամասնական ընտրակարգը, այսինքն` այն կանխավարկածը, որ ի սկզբանե  իշխանությունն ունի որոշակի թվով մեծամասնական պատգամավորներ, որոնք ակնհայտորեն ընտրվելու են փողով, վարչական ռեսուրսների կիրառմամբ, ինչպես եղել է նախորդ ընտրություններում, այս հիմնադրույթը դադարում է աշխատել»: