«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր համատեղում են աշխատանքը պետական ու մասնավոր հատվածներում, կանգնել են փաստի առջեւ. նրանց երկու աշխատավարձերից էլ պահվում է նպատակային սոցիալական վճար: Խնդրի մասին առաջինը բարձրաձայնեցին գիտական ոլորտի ու բուհերի երիտասարդ աշխատակիցները: Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի նախկին գիտաշխատող Գրիգոր Պետրոսյանն ասաց, որ գիտությամբ զբաղվող շատ երիտասարդներ պարզապես նվիրյալներ են, քանի որ միայն գիտությամբ զբաղվելը բավարար չէ սեփական կարիքները հոգալու համար:
«Փաստորեն, շատ երիտասարդներ գիտությամբ զբաղվելով ծուղակի մեջ են»,- ասաց նա,-«Միայն Ինֆորմատիկայի ինստիտուտից այս տարի դուրս եկան 10 հոգի, իսկ ընդհանուր առմամբ` իրենց դասախոսական աշխատանքից հրաժարվել է 150 երիտասարդ: Նրանց մեծ մասը նվիրյալներ են ու գումարի համար չեն աշխատում»:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահագն Դալլաքյանը լավատես է այս հարցում, նա հույս ունի, որ Կառավարությունն, ամեն դեպքում, լուծում կտա այդ հարցին: