տուն Լուրեր Դարձյալ պարգևավճարների մասին. ինչ անել

Դարձյալ պարգևավճարների մասին. ինչ անել

185
0

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր եռամսյակը մեկ լրատվական կայքերը՝ որպես մեծ հայտնագործություն, գրում են, որ պետական գերատեսչություններում պարգևավճարներ են տրվում: Պարգևավճարների մասին բարձրաձայնվում է այնպես, կարծես դա քրեական հանցագործություն է, շատ ժամանակ հենց այդ տոնով էլ ներկայացվում են պարգևավճար ստացող պաշտոնյաները:

Պարգևավճարներ եղել են Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք, պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են տրամադրվել Խորհրդային Միության տարիներին: Պետծառայողների պարգևավճարներ, այսպես ասած՝ «պրեմիա» տալու ավանդույթն ընդունված խրախուսման ձև է ամբողջ աշխարհում, անգամ կա հատուկ պարգևավճարի ֆոնդ։ Բայց նոր Հայաստանում գրեթե միշտ շահարկվում է պարգևավճարների փաստը՝ ներկա պաշտոնյաներին համեմատելով նախորդների հետ, իբր «Հայաստանում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է»:

Իրականում Հայաստանում շատ բան է փոխվել. օրինակ՝ նախկինում, երբ Հայաստանում իշխանության ղեկին էին Քոչարյանն ու Սարգսյանը՝ իրենց մի քանի տասնյակ արբանյակ պաշտոնյաներով, մարզպետի պաշտոն զբաղեցնող անձը կարող էր ամիսը մի քանի հարյուր հազար դոլար եկամուտ ունենալ: Նա եկամուտ էր ունենում մարզի բոլոր ոլորտներից՝ ոռոգում, տենդերներ, պաշտոնների նշանակում  և այլն: Այդ ամենի հետ մեկտեղ նա ստանում էր նաև պարգևավճարներ, սակայն ոչ մի լրատվական չէր գրում, թե, ասենք, դոլարային միլիոնատեր Լիսկան ինքն իրեն պարգևատրել է: Չէին գրում, որովհետև այն տարիներին մեդիան կառավարվում էր մեկ կենտրոնից, և նման հրահանգ չկար, որպեսզի աղմուկ-աղաղակ բարձրանա:

Մեկ այլ օրինակ. նախկինում, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, պարգևավճար ստանում էին միայն ու միայն իր մտերիմները, այսպես կոչված՝ իր թիմը, իսկ ահա նրանք, ովքեր ավելի թույլ օղակ էին կամ, ասենք, հավաքարար էին, չէին ստանում: Այս մասին էլ ոչ ոք չէր խոսում: Ի դեպ, նկատենք, որ Տարոն Մարգարյանն էլ, ունենալով միլիոնավոր դոլարների կարողություն, ինքն իրեն պարգևավճար էր տալիս:

Մենք բնավ որևէ մեկին արդարացնելու նպատակ չունենք։ Բայց քանի որ կա պարգևավճարների ֆոնդը, ապա պարգևավճարներ միշտ կլինեն, կարծում ենք՝ պարգևավճարների մասով իշխանություններն անելիք ունեն. ճիշտ կլիներ պարգևավճարները վերանային, բայց այդ ֆոնդի հաշվին բարձրացվեն պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը, որովհետև այդքան ցածր աշխատավարձերը ռիսկային են, և պետական համակարգը աշխատում է թերություններով։