Araratnews.am-ը տարբեր հրապարակումներում անդրադարձել է համատիրությունների գործունեությանը եւ շարունակում է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Մեր խմբագրություն էր զանգահարել Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 43 շենքի 9-րդ հարկի բնակիչը: Նա դժգոհում էր, որ վերելակի շարժիչի խափանման պատճառով վերելակը չի աշխատում, ինչի պատճառով 9 հարկանի շենքի բնակիչներն անհարմարությունների առաջ են կանգնել։ Հատկապես դժվար է բարձր հարկերում ապրող բնակիչների համար:
Դիմել են համատիրության նախագահին, վերջինս էլ պահանջել է 80.000 դրամ՝ վերելակի շարժիչը վերանորոգելու համար:
Araratnews.am- ը զանգահարեց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի մամուլի խոսնակ Հասմիկ Ղուկասյանին՝ պարզաբանում ստանալու համար: Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ բնակիչները համատիրությանը ժամանակին չեն վճարել, որի պատճառով կուտակվել է 730 680 դրամ պարտք: «Ամսական պետք է վճարեին 52.000 դրամ, սակայն վճարումները ժամանակին չեն արել: Հիմա 1,5 տարվա պարտք ունեն»,- մանրամասնեց մամուլի խոսնակը։
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ համատիրության նախագահը պետք է պարտքը հավաքի, թեկուզ մի փոքր մասը՝ խնդիրը լուծելու համար:
Մեր դիտարկմանը՝ եթե համատիրությունը լավ աշխատեր, ինչո՞ւ բնակիչները պիտի չվճարեին, արդյոք վարչական շրջանի ղեկավարությունը գիտի՝ արդյունավե՞տ է աշխատում համատիրությունը, թե՞ ոչ, Հասմիկ Ղուկասյանն ասաց. «Թաղապետարանը միշտ տեղյակ է՝ ինչպես են ծախսվում գումարները: Այս դեպքում կուտակվել է մեծ թվով պարտք»:
Մամուլի խոսնակը դժվարացավ ասել, թե արդյոք տվյալ շենքի համատիրության ղեկավարն արդյունավե՞տ է աշխատում, քանի՞ բնակարան չի վճարել այդ գումարը: Միայն ասաց՝ հարցը կլուծվի միայն գումարները վճարելուց հետո:
Իսկ ինչո՞ւ պետք է վերջին հարկում ապրող եւ մեզ դիմած պարտաճանաչ բնակիչը տուժի մյուսների պատճառով, եթե բարեխղճորեն վճարել է, չէ՞ որ սա թեկուզ մեկ, այնուամենայնիվ մարդու իրավունքների խախտում է: «Դե, մյուս բնակիչները կվճարեն, երեւի»,- ասաց վարչական շրջանի մամուլի խոսնակը:
«Իսկ եթե հետո չվճարե՞ն»,- հարցրինք մամուլի խոսնակին:
«Մինչեւ «հետո»-ն չլինի, չենք կարող իմանալ: Հարցն անպայման կլուծվի»,- ասաց մամուլի խոսնակը:
Թե դա ե՛րբ կլինի, պատկան մարմնի ներկայացուցիչը դժվարացավ ասել, սակայն փաստ է՝ այս պահին մեզ դիմած թոշակառու բնակիչը դժվարանում է տնից դուրս գալ:
Չբացառելով, որ կլինեն անբարեխիղճ բնակիչներ, ամեն դեպքում, եթե համատիրության ղեկավարը սրտացավ է աշխատում, մի փոքր զարմանալի ու կասկածելի է, որ այդքան պարտք է կուտակվել:
Շատերիս է հայտնի, որ համատիրությունները տարիներով մեծ մասամբ ակտիվացել են ընտրություններից առաջ՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Այս պատճառով է, որ դեռ նախորդ տարվանից առաջարկում են լուծարել համատիրությունները, մասնավորապես, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել կառավարման մոդել: Այն է` կառավարել իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով:
Հուսանք՝ փոփոխության ժամանակ կներդնեն նաև այնպիսի մի մեխանիզմ, որի շնորհիվ բարեխիղճ ու պարտաճանաչ բնակիչները չեն տուժի ո՛չ անբարեխիղճ հարեւանների, ո՛չ էլ շենքի խնդիրների լուծման պատասխանատուի պատճառով:
Սոնա Դավթյան
Հ.Գ. Այսօր մեզ դիմած բնակիչը դարձյալ զանգահարեց խմբագրություն եւ տեղեկացրեց, որ համատիրությունից խոստացել են շարժիչը նորոգել եւ երկուշաբթի վերելակը միացնել։ Araratnews.am-ը հետամուտ կլինի խնդրի լուծմանը։