տուն Լուրեր ԴԱՀԿ-ը եւ նախարարությունն անգործություն են դրսեւորում. քրեական գործ կհարուցվի՞

ԴԱՀԿ-ը եւ նախարարությունն անգործություն են դրսեւորում. քրեական գործ կհարուցվի՞

184
0

հարկադիր ծ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության  երեք աշխատակիցներ մի քանի  ամիս է՝ չեն կարողանում ստանալ հարկադիր պարապուրդի համար հասանելիք գումարը: Այս մասին  Araratnews.am-ը տեղեկացավ աշխատակիցներից մեկից՝ Դավիթ Թադեւոսյանից:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Տիգրան Դավթյանի օրոք՝ 2012-ին, կառավարությունը  նախարարությունում բարեփոխումներ ու կառուցվածքային փոփոխություններ սկսեց: Այդ  բարեփոխումների  հետեւանքով նախարարության աշխատակազմի ղեկավար, ներկայումս  տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի մակագրությամբ 2012-ի մարտին աշխատանքից ազատվեց 10-15  աշխատակից: Նրանց շարքում էին Դավիթ Թադեւոսյանը, Սամվել Առաքելյանն ու Անդրանիկ Գուլքանյանը: «Մենք քաղծառայող էինք: Մեզ աշխատանքից ազատելու իրավունք չունեին»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Աշխատակիցները բողոքարկել են նախարարության որոշումը դատարանում: 5 տարվա դատական գործընթացից հետո դատարանը հայցվոր կողմի օգտին վճիռ կայացրեց, ըստ որի` Սամվել Առաքելյանի, Անդրանիկ Գուլքանյանի և Դավիթ Թադեւոսյանի օգտին  նախարարությունից պետք է բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար 2012-ի 9-րդ ամսից մինչեւ դատական գործընթացի ավարտը: «Դատական երկարուձիգ  նիստերի ժամանակ որոշեցինք հրաժարվել աշխատանքի վերականգնման պահանջից, քանի որ մեր բաժինը, որը վերանվանվեց շուկայի վերահսկողության տեսչություն, ոչ մասնագիտական կառույց էր դարձել»,- մանրամասնեց Դավիթ Թադեւոսյանը:

Հիշեցնենք` շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարը Լեւոն Խալիկյանն է` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Հովիկ Խալիկյանի որդին:

Աշխատակիցների հաշվարկով` իրենց հասանելիք գումարը 7-10 մլն դրամ է: Դատական վճռի հրապարակումից անցել է 8 ամիս, սակայն մինչ օրս ԴԱՀԿ-ը նախարարության հաշվից այդ գումարը չի բռնագանձել: Տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, հայցվորները նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն:

Հայցվորների փաստաբան Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ-ն ու նախարարությունն անգործություն են դրսեւորում: «Վճռի կատարողական թերթը այս տարվա հունվարից ԴԱՀԿ-ում է: Օրենքի համաձայն՝ ԴԱՀԿ-ը երկու ամսից պետք է  նախարարության հաշվից այդ գումարը բռնագանձեր: Բայց 4 ամիս գործը քնացնելուց  հետո միայն ԴԱՀԿ-ը հունիսին դիմեց նախարարություն՝ դատարանի վճիռը կատարելու պահանջով»,- ասաց փաստաբանը:

Դատարանի վճիռը չկատարելը քրեորեն պատժելի է: Եթե  ԴԱՀԿ-ն ու նախարարությունը շարունակեն անգործություն դրսեւորել, չի բացառվում՝ հայցվոր կողմը քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնի:

Araratnews.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել ԴԱՀԿ եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն՝ պարզելու, թե ինչու մինչ օրս դատարանի վճիռը չի կատարվել: Հարկադիր կատարման ծառայությունից մեզ տեղեկացրին՝ երեք վարույթ է հարուցվել, որոնք ընթացքի մեջ են: Ձեռնարկվում են համապատասխան կատարողական գործողություններ՝ դատական ակտի կատարումն ապահովելու համար:

Իսկ  տնտեսական զարգացման եւ ներդրումների  նախարարության գրավոր պատասխանից էլ պարզ դարձավ, որ  անհրաժեշտ գումարի հատկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարությունը դիմել է  ֆինանսների նախարարություն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ