Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակակիրներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղափոխում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզգիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հայտնում են fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերը։
Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում գրած մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ:
Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով:
Թալիշները վստահեցնում են, որ ի տարբերություն թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանցիների, նրանք պատմականորեն իրենց ինքնության պահպանման հարցում միշտ ապավինել են Ռուսաստանի Դաշնության աջակցությանը։ Նաև այդ պատճառով է, որ թալիշների վրա հիմա «թափվել է Ալիևի զայրույթը»։