Araratnews.am-ի զրուցակիցն է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և զորացրված Շանթ Ղազարյանը:
Շանթ նախ կպատմեք, ինչ էր կատարվում մեկ տարի առաջ այս օրը։ Վստահաբար ապրիլյան քառօրյա պատերազմն անջնջելի հետք է թողել քո կյանքում։
Մեկ տարի առաջ այս օրը մենք դիրքերում էինք: Այդ օրը մեր հերթափոխն էր, մենք իջանք դիրքերից մեր գումարտակ: Երեկոյան պառկեցինք հանգստանալու: Գիշերը, ժամը 2:30-ի սահմաններում սկսվեցին առաջին ռմբակոծությունները Թալիշ գյուղի եւ մոտավորապես մեր գյուղի ուղղությամբ: 12 ժամ շարունակ չկարողացանք դուրս գալ գումարտակից, քանի որ անդադար ռմբակոծում էին: Արդեն հաջորդ օրը, ցերեկը, ժամը 14: 30 –ի սահմաններում դուրս են եկել գումարտակից: Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ բան է փոխել իմ կյանքում, ավելի բարձրացավ պատասխանատվությունս, յուրաքանչյուր մեզ պատկանող քառակուսի մետր պատկանող հողի նկատմամբ, որը թեկուզ ատամներով պետք է պահել, եւ չզիջել ոչ մի թիզ հող, որի վրա հայի արյունն է թափվել: Ինձ համար անջնջնելի հետք է մնացել այս միտքը:
Պատերազմ, արդյոք բանակ զորակոչվելիս իրականում պատկերացնում էիք, որ վերապրելու էինք այն:
Մինչեւ բանակ զորակոչվելը ինձ միշտ հետաքրքրել է զրուցել մեր արցախյան հերոսամարտի մասնակիցների հետ, լսել նրանց: Անկեղծ կասեմ մտածել եմ, որ շատ անհավանական պատմություններ կան իրենց ասածների մեջ, այդ պատճառով էլ չեմ պատկերացրել ինչ է պատերազմը, եւ որ այն ես կվերապրեմ:
Երբ և ինչ իրավիճակում եք վիրավորվել։
Ապրիլի 5-ի զրադադարից ժամեր անց, արդեն երեկոյան մարտական գործողություններ կատարելիս ես վիրավորվեցի ականի պայթյունից:
Շանթ, մեկ տարի անց ինչ է փոխվել քո կյանքում։
Ամբողջովին ապաքինվելուց հետո ես ընդունվեցի Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ բաժինը: Զուգահեռ աշխատում եմ ՀԷՑ-ում, որպես հաշվապահ: Ապրում եմ բնականոն կյանքով, եւ ձգտում եմ իրականացնել իմ բոլոր նպատակները:
Ընկերդ փրկել է քո կյանքը։ Ինչ զգացողություն ունես:
Պատահական չէ, որ լավ ընկերը դժվար պահին է ապացուցում թե ինչի է պատրաստ հանուն ընկերության: Բառերով դժվար է նկարագրել, թե ինչ զգացողություն է մոտս, ուղղակի անսահման հպարտություն էր, որ բացի քո ընտանիքի անդամներից ունես ընկեր, ով հանուն քեզ կվտանգի իր կյանքը:
Շատ է խոսվում այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմին կարելի էր քիչ զոհեր տալ, եթե զենքի խնդիր չլիներ։
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ զենքի պակասն էր պատճառը, որ ունեցանք այդքան զոհեր: Հիմնականում՝ իրենց երակների միջով հոսող հայի արյունն ու իրենց ստացած դաստիարակությունն է: Նրանք չէին կարող կիսատ թողնել մեր պապերի սկսած գործը, եւ այդ միտքը իրենց սրտերում հերոսաբար մինչեւ վերջ կռվեցին: Փառք ու պատիվ մեր բոլոր զոհվածներին:
Կյանքը ապրիլյան պատերազմից առաջ և հետո:
Ապրիլյան պատերազմից առաջ չէի նայում կյանքին այն աչքերով, որով նայում եմ հիմա: Պատերազմը ստիպեց, որ շատ դասեր քաղենք իրենից….:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի