Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին իրենց ներդրումը կատարելու նպատակով հավաքված մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը նվիրաբերվելու է իրենց գյուղին:
«Գյուղում ի հիշատակ զոհվածների՝ հուշաղբյուր եմ կառուցել, բայց գումարը չի բավարարել, որ ջուրը քաշեմ: Այդ 1 մլն դրամը կօգտագործեմ ջուրը քաշելու նպատակով: Այն լինելու է ոչ միայն հուշաղբյուր. ջրից օգտվելու է 50-60 ընտանիք»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:
Հարցին՝ 1 մլն դրամը բավարա՞ր է հուշաղբյուրի աշխատանքներն ավարտելու համար, գյուղապետն ասաց, որ ոչ. «Անհրաժեշտ գումարը կազմում է 2.5 մլն դրամ, պետք է մյուս մասն էլ փորձենք այլ տեղից ճարել»:
Նշենք, որ 1000-ից ավել բնակչություն ունեցող Չորաթան գյուղն ունի հինգ զոհված ազատամարտիկ:
Գյուղապետը, սակայն, նշեց՝ վերջանական որոշում կկայացնեն ավագանու նիստ գումարելուց հետո: