տուն Լուրեր Չինաստան՝ հիմնական հույսը հուսախա՞բ է անում

Չինաստան՝ հիմնական հույսը հուսախա՞բ է անում

179
0

China2020

«Չինաստանը մեղավոր չէ համաշխարհային  տնտեսության աճի արգելակման համար, սակայն որպես երկրորդ տնտեսություն ունեցող երկիր, կարող է որոշակի արտաքին  ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վերականգման ընթացքի վրա»-հայտարարել են Չինաստանի  իշխանությունները: Միջազգային ֆինանսական կառույցները, պետությունների ղեկավարները և  փորձագետները ընդհակառակը կարծում են, որ գլոբալ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցումը  պայմանավորված է նախևառաջ Չինաստանի գործոնով: Չինաստանը հուսախաբ է անում մոլորակին, սա է հիմնական գնահատականը:

Թեև ամերիկյան տնտեսության ցուցանիշները դրական են՝ տնտեսական աճ է գրանցվել, աճել է նոր աշխատատեղերի քանակը, գործազրկության մակարդակը ցածր է, սպառողների ծախսերը աճում են, դեֆլյացիայի վտանգը հետ է նահանջել, սակայն վիճակը բարվոք չէ Եվրագոտում,  Ճապոնիայում և զարգացող երկրներում: Եվրագոտում դեռևս ապավինում են Մարիո Դրագայի քանակական մեղմացման ծրագրին: Ճապոնական հսկայական պարտքի կառավարման խնդիրները չեն վերացել, որն ավելի սրվեց 2013 թ.-ի Q3-ի գործարկումից և բացասական տոկոսադրույքների կիրառումից հետո, որի նպատակը դեֆլյացիայի հաղթահարումն էր և տնտեսության վարկավորման ակտիվացումը: Թեև այս քաղաքականությունը արդյունք է տալիս՝ արդյունաբերական պատվերները շատացել են, տնտեսությունը սկսել է ակտիվանալ, բացի այդ 2%-ոց ինֆլյացիայի հույսեր կան, սակայն բացասական տոկոսադրույքների քաղաքականությունը երկար չի կարող շարունակվել և շատ ռիսկային է ճապոնական տնտեսության համար:

Իսկ Չինաստանից ստացվող վիճակագրությունը անհանգստանալու տեղիք է տալիս՝ 2015թ.-ին տնտեսական աճը կազմել է 6,9 %, որը վերջին տարիներին տնտեսական դինամիկայի ֆոնի վրա ցածր ցուցանիշ է: Հիշեցնենք, որ 2010 թ.-ին տնտեսական աճը կազմել է 10,4%, 2011 թ.-ին 9,2%, 2012 թ.-ին 7,8%, 2013 թ.-ին 7,7%, 2014 թ.-ին 7,4%: Այս տարվա փետրվարին արտահանումը նվազել է 25,4%-ով նախորդ տարվա փետրվարի համեմատ, իսկ ներմուծումը նվազել է 13,8%-ով: Նվազում են Չինաստանում օտարերկյա ներդրումների ծավալները,  իսկ այս տարվա սկզբին ֆոնդային բորսայում ցնցումները պատճառ դարձան յուանի կայունության խաթարմանը: Կարծիքներ կան, որ  Չինաստանի տնտեսական աճի և կայունության դարաշրջանը ավարտվում է:

Ճիշտ է, Չինաստանը օգտվում է հումքերի ցածր գներից, նավթի գնման ծավալները աճում են և նավթի ամբարները լցվում են ամբողջովին, իսկ յուանը դարձել է միջազգային փոխարկելի արժույթ, աճում են չինական ներդրումները արտասահմանյան երկրներում, սակայն հատկապես արտահանումների և ներդրումների ծավալների անկումը և ներդրումների կրճատումը շատ է անհանգստացնում համաշխարհային տնտեսական հանրությանը:

Անշուշտ Չինաստանը չէր կարող անընդհատ բարձր տնտեսական աճ ապահովել և պետք է, որ ակտիվությունը աստիճանաբար «նստեր»: Ըստ էության Չինաստանում ցամաքել են տնտեսական զարգացման հիմնական աղբյուրները: Գաղտնիք չէ, որ Չինաստանի զարգացման հիմնական ուղղությունը եղել է արտահանումը, որի արդյունքում յուանը արժեվորվում էր: Չինաստանը իր էժան աշխատուժի շնորհիվ դարձավ համաշխարհային արտադրող: Ինդուստրալիզացիայի և կապիտալի ներհոսքի պատճառով ժողովրդի բարեկեցիկությունը աճում էր: 2008 թ.-ից հետո այստեղ նույնպես գերարտադրության ճգնաժամ եղավ և պատվերները սկսվեցին կրճատվել: Հիմա էլ արդյունաբերական արտադրանքի ծավալների նվազումը կախված է թույլ գլոբալ պահանջարկից: Չինական տնտեսության ամենահիմնական խնդիրներից են դարձել՝ արտադրական հզորությունների ավելցուկը,  արտաքին և ներքին պահանջարկի նվազումը և պարտքային բեռի ավելացումը: Հսկայական քանակի ֆաբրիկաներ և գործարաններ կան և ենթակառուցվածքներ, որոնք պահանջարկված չեն և դրանցում կատարված միլիարդավոր դոլարների ներդրումները օգուտ չեն բերում: Լուրջ խնդիր է կապիտալի արտահոսքը: 2015 թ.-ին 900 մլրդ. դոլարի կապիտալի արտահոսք է տեղի ունեցել: Անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև ֆոնդային շուկաներում ձևավորված փուչիկները լուրջ ցնցումների են ենթարկում չինական տնտեսությանը:

Սակայն տնտեսության ճգնաժամի մասին խոսելը ճիշտ չէ՝ տնտեսությունը կայուն է: Չինական Կառավարությունը խնդիր է դրել մեծացնել ներքին պահանջարկը. Իսկ դրա համար պետք է բնակչության բարեկեցիկության աճի: Սակայն ներքին շուկայի զարգացնելը այլևս դժվար է լինելու: Գերարտադրություն և հզորությունների ավելցուկ ունեցող ճյուղերի վերակազմավորում, պետական կոորպորացիաների վերակազմավորում, նոր աճի դրայվերներ, ինովացիոն ընկերությունների աջակցություն, հարկերի նվազում փոքր ձեռնարկությունների համար, սրանք են չինական իշխանությունների նպատակները: Կարևոր խնդիր է դարձել ուռճացված պետական սեկտորը, որը լուրջ կրճատման և վերաձևավորման է ենթակա:

Նախկինում, եթե շեշտը դրվում էր արդյունաբերական արտադրանքի, հիմա ծառայությունների սեկտորի և ներքին սպառման աճի վրա: Յուանի փոխարժեքը շուկայական չէ, սակայն Չինաստանի Ժողովրդական (Կենտրոնական) բանկը արտահանումը խթանելու համար իրականացնում է յուանի դեվալվացիա: Իշխանությունները խոստացել են շարունակել ակտիվ ֆիսկալ, սակայն զուսպ դրամավարկային քաղաքականությունները: Նախատեսվում է՝ ֆինանսական սեկտորի բարեփոխումներ, որտեղ նոր մեխանիզմներ են ստեղծվելու բարելավելու ֆինանսական վերահսկողությունը: Իրականացվելու են ներդրումների էֆեկտիվության բարձրացման քայլեր:

Այս քայլերը անշուշտ ճիշտ են և կտան իրենց արդյունքները, սակայն վերջին տարիների տնտեսական աճի փառահեղ ցուցանիշներ՝ դժվար թե չինացիները ապահովեն: Չինաստանի համար դրական աճի տեմպերի պահպանումը, թեկուզև 6-7% սահմաններում, արդեն իսկ մեծ հաջողություն է: Թեև Չինաստանը ամենամեծ արտադրող և ամենամեծ սպառող երկիրն է, այնուամենայնիվ համաշխարհային տնտեսությունը, ստիպված կլինի իր հույսերը դնել կամ հին աշխարհի, կամ երրորդ աշխարհի այլ կենտրոնների վրա:

 

Ս.Մանուկյան