Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Արդի հայերենի առջև ծառացած խնդիրներն ու լեզվի անաղարտության պահպանմանը միտված քայլերը, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Օրվա կապակցությամբ շնորհավորանքից հետո, Երիցյանն անդրադարձավ բուն հարցին. « 21-րդ դարի գերխնդիրներից մեկը մայրենին պահպանելն ու ապագա սերունդներին փոխանցելն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր արձանագրել է մոտ 40 լեզու աշխարհում, որոնք դժվարություններ ունեն լեզվապահպանման հետ կապված: Բարեբախտաբար, մայրենին այդ ցանկի մեջ չէ: Այն պաշտպանված է մեր` դարերից եկած մշակութային արժեքներով»:
Երիցյանի խոսքով` մենք պետք է նպաստենք լեզվի զարգացմանը: «Առաջին հերթին պետք է մեր լեզուն պահպանենք փողոցային ու անհարիր լեզվախոսվածքից: Անկասկած, այս առումով մենք շատ անելիքներ ունենք: Լեզվի արարումն ու պահպանումը, նախևառաջ, կատարվում է յուրաքանչյուրիս ընտանիքում»,- ասաց նա:
Դպրոցահասակների լեզվին անդրադառնալիս Երիցյանը նշեց, որ դասերի ընթացքում երեխաները հրաշալի խոսում են մայրենիով,և այդ լեզուն փոխվում է դասամիջոցի ընթացքում, որտեղ իշխում է փողոցային լեզուն: «Այդ լեզուն նրանք բերում են իրենց բակից, շրջապատից և այլն»: Խնդրի լուծումը, ըստ Երիցյանի, նոր Սահմանադրության մասերում լեզվի հետ կապված համապատասխան փոփոխություններ կատարելն է: «Պիտի փոխվեն լեզվի , վարչական իրավախախտումների մասին ու բոլոր այն օրենքները, որոնք որոշակի առնչություն ունեն այս խնդրի հետ կապված»:
«Լեզվի պետական տեսչությունն այսօր հսկողական գործառույթներ է իրականացնում» ,- ասաց Երիցյանը, հավելելով,- այն չի կատարում որևէ կառուցողական աշխատանք, այսինքն` չի ստեղծում նոր բառեր, շտեմարաններ կամ բառարաններ»: Երիցյանը նշեց, որ պետք է հարգանքով մոտենալ մեր արժեքներին: « Ի՞նչ է նշանակում Թումանյանի շաուրմա, գոնե նշեն Թումանյան փողոցի շաուրմա. չի կարող լինել Թումանյանի շաուրմա, նույն հաջողությամբ կարող են ասել՝ Մաշտոցի խորոված և այլն… Ես կարծում եմ ՝պետք է փայփայել ազգային արժեքները: Այստեղ օրենսգրքային խախտում չկա, սակայն կա արժեքային համակարգի խախտում»,- եզրափակեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը: