Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված լիազորություններ, որ պատասխանատվության ենթարկի այն հեռուստաընկերությանը կամ անձին, որը եթերով աղավաղված խոսք է հնչեցնում, գրական լեզվով չի խոսում:
Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը:
«Օրենքում բացեր կան, եթե մենք ուղարկենք դատարան, որ լեզուն աղավաղվել է այսինչ հաղորդման ժամանակ, դատարանը կասի, ո՞ր հոդվածով պետք է պատասխանատվության ենթարկենք»,-ասում է Հովյանը:
Նա կարծում է, որ յուրաքանչյուր ոք պետք է վերահսկի իր լեզուն և պետք է հասկանա, որ լսողը իրենից բոլորովին պակաս չէ:
«Չի կարելի ասել, որ այդպիսի ցածր խոսքի պահանջարկ կա մեր երկրում: Սերիալում գողական խոսող կերպաները շատ հեշտ են ընկալվում, և այդ խոսքը անմիջապես մտնում է երեխաների, մարդկանց խոսակցական լեզվի մեջ: Կան հաղորդումներ, որ օտարալեզու են՝ օրենքի խախտումով: Ռուսերեն լեզվով հեռարձակվող հաղորդում կա, որը օրենքի խիստ խախտում է»,-ասում է Հովյանը:
Նա հավելում է, որ ամենաքիչ լեզվական սխալներ թույլ տվող հեռուտաընկերությունը Հանրային հեռուտաընկերությունն է, իսկ ամենաշատ խախտումներ անողըˋ Կենտրոն հեռուստաընկերությունը: