Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թ․ Արցախ կատարած այցի ժամանակ տեղի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ քննարկել է հողեր զիջելու հարցը։ Բաբայանն անգամ անգամ նշել էր Ռազմիկ Պետրոսյանի և Արմո Ծատրյանի անունները, որ նրանցից ճշտեն լրագրողները, թե ինչ է քննարկվել «փակ դահլիճում»։
Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում, ի պատասխան Բաբայանի, նշել է, որ հանդիպման ժամանակ իրենց ոչինչ չի պարտադրվել. «Հանդիպումների ժամանակ չի եղել Արցախի հարցի լուծման որևէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ»:
Պետրոսյանի խոսքով՝ ինքը հակամարտության կարգավորման իր տեսլականն ունի․ «Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի և ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»։
Սամվել Բաբայանը տվել էր նաև Արցախի նախկին պատգամավոր Արմո Ծատրյանի անունը։ Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ՝ լսելու նաև նրա տեսակետը։ Արցախի ժողովրդական կուսակցության գրասենյակից մեզ տեղեկացրին, որ Ծատրյանը երկու տարի առաջ ծանր հիվանդացել է, կոմայի մեջ է եղել, հիմա նոր դուրս է եկել կոմայից և ի վիճակի չէ խոսել։