տուն Լուրեր Չի բացառվում, որ տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա

Չի բացառվում, որ տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա

86
0

SAMSUNG

Երևանի ավագանիում «Երկիր ծիրանի» խմբակցության կատարած աշխատանքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը: Նրա խոսքով` քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ ունեն և ակնկալում են դրանց լուծումներ, իհարկե, կան նաև քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներ, որոնք ավագանու իրավասություններից դուրս են, և իրենք ոչնչով չեն կարող օգնել. «Անցած ամսվա ընթացքում կատարել ենք այցելություններ բոլոր 12 վարչական շրջաններ, հանդիպել ենք երևանցիների հետ, ովքեր եկել էին բարձրաձայնելու իրենց խնդիրները, որոնք հիմնականում կապված են Երևանի քաղաքապետարանի թերի աշխատանքի կամ չաշխատելու հետ»:

Առաջին խնդիրը, որը մտահոգում է գրեթե բոլոր երևանցիներին, տրանսպորտի խնդիրն է. «Փոխքաղաքապետ պարոն Նիկոյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իբրև թե կատարում է աշխատանքներ տրանսպորտի խնդիրների ուղղությամբ: Բայց ասեմ, որ ինչ մուտք ենք գործել քաղաքապետարան, որոշ ժամանակ անց ներկայացրել ենք փաստաթուղթ, որը վերաբերում էր տրանսպորտի հարցին, և առաջարկում էինք մեր լուծումները, որոնցից մեկը վերաբերում էր ճոպանուղու կառուցմանը, երթուղային տաքսիներին, դեպի օդանավակայան տրանսպորտի հարցի լուծմանը: Մենք առանձնացրել էինք ևս մեկ կարևոր հարց, որը, ինչը վստահ եմ, դուր չի եկել քաղաքապետարանի աշխատակիցներին: Հարցը վերաբերում էր նրան, որ քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում և` քաղաքապետը, պարտավոր են ունենալ նշանակված օրեր հասարակական տրանսպորտով երթևեկելու համար, ինչն իրենք բացարձակ չեն կատարում և, բնականաբար, չեն կարող տեղյակ լինել իրական խնդիրներին»:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից մշակված փաստաթղթին, որը վերաբերում է տրանսպորտի խնդիրների լուծմանը, բանախոսը հավելեց. «Խնդիրները լուծելու համար հրավիրվել է անգլիական կազմակերպություն, որի քննարկումներին ներկա եմ եղել և կարող եմ ասել, որ քննարկվող փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց մենք դրա համար երևանցիներիս գրպանից շուրջ 1 մլն դոլար ենք վճարել: Հարց է առաջանում` մենք չունե՞նք մասնագետներ, ովքեր ուսումնասիրած կլինեն միջազգային փորձը և տեղյակ են մեր խնդիրներին: Հիմա այլ երկրի կազմակերպությունը բերել է մի համակարգ, որը չի աշխատելու այստեղ, և չի բացառվում տոմսի արժեքի բարձրացում»:

Էմմա Հովսեփյան