Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը հունիսի 22-ին հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու համար հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս դեպի Հայաստան և այստեղից ցանկացած ուղղությամբ իրականացնել անսահմանափակ քանակի թռիչքներ:
Քննարկվել են դեպի Հայաստանի շուկա չեխական ավիաընկերության մուտքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իսկ ավիաուղիների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի շուկա մուտք գործելու վերաբերյալ իրենց գործարար-առաջարկը:
Ավելի ուշ հիմնադրամի գործադիր տնօրենի ուղեկցությամբ «Չեխական ավիաուղիների» ղեկավարները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրենների հետ: