տուն Լուրեր Չեն մնա անտուն. Նարեկ Սարգսյան

Չեն մնա անտուն. Նարեկ Սարգսյան

163
0

Narek-Sargsyan

Երևանի 33-րդ թաղամասում իրականացվելու է լայնածավալ շինարարություն, բայց տարածքից վտարված բնակիչներին այդ թաղամասում բնակարաններ չեն տրամադրվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողներին հետ զրույցում նշեց Քաղաքաշիանական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մի մասը դեռևս անօթևան է, նրանք իրենց բողոքը հայտնել էին Սերժ Սարգսյանին, ինչից հետո հայտարարվեց, որ բնակիչների բնակարանային հարցին լուծում է տրվում: Նաև հայտարարվեց, որ Ֆիդուսիում շինարարություն է մեկնարկելու:

Նարեկ Սարգսյայնն այսօր ասաց, որ տարբեր ներդրողներ պետք է թաղամասում շինարարություն իրականացնեն, բայց Ֆիրդուսիի անօթևան բնակիչներին այլ թաղամասերում բնակարաններ կտան:

«Ամբողջ տարածքի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունն իմ ղեկավարությամբ նախկինում մշակել էր այդ տարածքի ամբողջ կառուցապատման նախագիծը: Քանի որ տարածքը գտնվում է տուպիկային վիճակում, այդ նախագծով մենք առաջարկում ենք երեք փողոցներ կառուցել՝ Խանջյանից, Տիգրան Մեծից և Բյուզանդից և մեկ մեծ հրապարակ, ծրագիրը այդպես է հաստատված: Ըստ ծրագրի՝ տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են կառուցապատում անելու, նրանք գալիս են, բանակցում են արժեքների վերաբերյալ: Այդ տարածքի զգալի հատվածի հետ կապված մենք արդեն ունենք ներդրողներ, որոնք շատ հետաքրքրված են, և իրացման ավարտից հետո գործընթացը կսկսվի»,- նշեց Նարեկ Սարգսյանը:

Նա խուսափեց հնչեցնել ներդրողների անունները: Նախատեսվում է, որ շինարարությունը կմեկնարկի այս տարվա երկրորդ կեսին:

Հարցին, թե տարածքից նախկինում վտարված և այսօր դեռևս այնտեղ ապրող բնակիչների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, նա պատասխանեց. «Դուք ինձ էլի բնակիչներից եք հարց տալիս: Չեն մնա անտուն»:

Հարցին, թե նոր կառուցվող այդ թաղամասում բնակարաններ տալո՞ւ են ֆիրդուսցիներին, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դա կլինի շատ հեռու: Իրենց հետ քննարկվել է, իրենք ընտրում են բնակարաններ քաղաքի տարբեր հատվածներում կամ ֆինանսական միջոցներ, էդ պրոցեսը գնում է: Պաշտոնապես գիտեմ, որ մնացել են մոտ 20 ընտանիքներ: Առհասարակ ճիշտ է, եթե մարդը ապրում է կենտրոնում, ցանկալի չէ, որ այդ լանդշաֆտը փոխվի, բայց…»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ թաղամասի բնակիչները նույն վայրում են բնակարան ուզում, առաջարկվող փոխհատուցումը համարժեք չէ, Նարեկ Սարգսյանը լրագրողներին մեղադրեց նման հարցեր տալու համար: «Դուք պահանջում եք, ասում եք՝ ներդրում, ներդրում, ներդրողը գալիս է, դուք ներդրողին այսպես եք անում»: