Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ներքաղաքական կյանքում սպասվող զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը. «ՏԻՄ ընտրություններում մի հետաքրքիր միտում ի հայտ եկավ. սկսում են գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվողներին, որովհետև գլոբալ առումով ես ինչքան հասկացա, մեծ խախտումներ բուն ընտրությունների ժամանակ չեն եղել, ինչի մասին արձանագրեցին ոչ իշխանական կուսակցությունները, իսկ հետո եղավ այն, ինչ եղավ: Տեխնոլոգիաների առումով՝ լցոնումներ, գողանալ, նկարել, դաշտը բավականին մաքրվել է»:
Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի աղմկահարույց ընտրություններին, Քոչարյանը նկատեց. «Թվում էր, թե [ՀՀԿ-ի համար] շատ լավ առիթ էր Վանաձորում ընդդիմություն լինել, պարտադիր չէ բոլոր տեղերում իշխանություն լինել և ինչ-որ քաղաքում փորձել նաև այդ դիրքերից աշխատել: Իշխանությունը չուզեց, իհարկե, իրենց գործն է, բայց ինձ համար անհասկանալի է: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե դա ինչ է տալիս իշխանությանը և ինչ է տալիս այն անձանց ու կուսակցություններին, որոնք գնացել են իշխանության հետ այդ առևտրին»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հավելեց, որ երբ իշխանությունը տեսնում է` չի կարողանում իր համար անհրաժեշտ ձայներ ապահովել, սկսում է ընտրախախտումներ անել. «Հնարավոր է` նոր կուսակցություններ ու դաշինքներ ի հայտ գան, բայց ամեն ինչ կախված է, թե ընդդիմությունն այս պահին ինչ պայմանավորվածությամբ կգնա ընտրություններին, որովհետև այսօր իշխանության ներսում որևէ լուրջ խնդիր չկա: Իսկ հենց ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը չի միավորվում, ապա ձայները բաժանվում են, ու կանգնում են այսպիսի խնդրի առաջ, երբ շատ ձայներ կորչում են: Բացի այդ, հետընտրական կոալիցիան շատ թույլ է լինում»:
Ասուլիսին անդրադարձ եղավ նաև Վիկտոր Դալլաքյանի ստեղծվելիք կուսակցությանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հնարավոր միավորմանը այդ կուսակցությանը: «Սա իսկապես օրակա՞րգ է, թե՞ շեղող իրավիճակ» հարցին Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Հիմնականում, ես կարծում եմ, որ շեղող իրավիճակ է, ինչ-որ մարդկանց անձնական ամբիցիաներն օգտագործելով` շեղում են: Այսինքն` այստեղ շատ դեպքերում դառնում են խաղալիքներ մարդիկ, որոնք ունեն ինչ-որ անհասկանալի, հիվանդ ամբիցիաներ, և իշխանությունը, այդ մարդկանց դաշտ գցելով, զբաղեցնում է. շոու է»:
Այնուամենայնիվ, քաղաքական տեխնոլոգի կարծիքով` հասարակությունը Օհանյանին ընդդիմադիր չի պատկերացնում. «Թեև մենք ամեն ինչ տեսել ենք՝ սկսած ինչպես են ճանապարհում Կարեն Դեմիրճյանին, հետո` դիմավորում, Լևոն Տեր-Պետրոսյանին ինչպես են ճանապարհում, հետո` դիմավորում, ՕԵԿ-ին ինչ են ասում, հետո ՕԵԿ-ը Գյումրիում և Վանաձորում ինչ ձայներ է ստանում: Ես չեմ պատկերացնում, հատկապես եթե Սեյրան Օհանյանը լինի այդ կուսակցությունում, այս հասարակությունը, որը չնայած սերիալ շատ է սիրում, ինչպես է Օհանյանին ընդդիմադիր տեսնելու»: