տուն Լուրեր «Չելսին» հաղթեց «Արսենալին» Եվրոպայի լիգայի եզրափակչում

«Չելսին» հաղթեց «Արսենալին» Եվրոպայի լիգայի եզրափակչում

77
0

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին Անգլիան ներկայացնող երկու թիմեր՝ «Չելսին» և «Արսենալը». «ազնվականները» գերազանցեցին «զինագործներին» 4:1 հաշվով:

Մեկնարկային րոպեներին թիմերը շատ հաշվենկատ էին գործում, խուսափելով սրել խաղը, պահպանելով հավասարակշռությունը: Ակնհայտորեն հավասար պայքար էր ծավալվել: 20 րոպեների ընթացքում «Արսենալն» ավելի շատ էր եզրերով գրոհներ կազմակերպում, սակայն վիճակագրությամբ գնդակին ավելի շատ էին տիրում «Չելսիի» ֆուտբոլիստները: Խաղակեսի վերջնամասում ավելի հաջող գրոհներ էր կազմակերպում «Չելսին»: 

Երկրորդ կեսի մեկնարկում «ազնվականներն» օգտագործեցին իրենց առաջին իսկ հնարավորությունը և բացեցին խաղի հաշիվը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված Օլիվիեր Ժիրուն դարձավ գոլի հեղինակ: «Չելսին» պահպանեց խաղի արագ տեմպը և 60-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պեդրոն: Ընդամենը 5 րոպե անց «Արսենալի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում, և Էդեն Ազարը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 3:0: 69-րդ րոպեին «Արսենալից» Իվոբին հեռահար, շեշտակի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը (3:1): Բայց րոպեներ անց «ազնվականները» նորից գրավեցին հակառակորդի դարպասը՝ դուբլի հեղինակ դարձավ Ազարը (4:1):

«Չելսին» 5 տարի անց կրկին դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող: «Ազնվականները» Եվրոպայի լիգայում հաղթել էին նաև 2012/13 մրցաշրջանում:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց եզրափակչին՝ հրաժարվելով խաղալ Բաքվում: Հայ կիսապաշտպան չմեկնեց Ադրբեջան՝  անվտանգության նկատառումներից ելնելով: