Սպասվելիք Ռիգայի գագաթաժողովի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Վերլուծաբանն ընդգծեց, որ Հայաստանը գործ ունի մի երևույթի հետ, այս դեպքում՝ Ռիգայի գագաթնաժողովի, որտեղ շատ բաներ Հայաստանի ցանկությունից ու կամքից անկախ են և պայմանավորված են Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններով: Ռուսաստանի կողմից արդեն հնչել են մի քանի հայտարարություններ Ռիգայի գագաթնաժողովի վերաբերյալ:
Ստեփան Սաֆարյանը ցավով հայտնեց, որ արդեն տրվել են մի քանի վատ գնահատականներ, որ դա հակառուսական միջոցառում է: Ըստ վերլուծաբանի, գագաթնաժողովի հակառուսական վարկածը կանխում է Հայաստանի հետ պայմանագիր կնքելու հեռանկարը: «Սա ևս մի անորոշություն է, որը պայմանավորված է ԵՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Փաստացի տնտեսական բլոկը հանված է պայմանագրի միջից, քանի որ Հայաստանն ունի տնտեսական նոր գործընկեր: Հիմա մեզ մնում է մյուս ոլորտները՝ մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքական երկխոսություն, և այլն»:
Չափազանց մեծ ռիսկերի տակ է ԵՏՄ-ի վարած քաղաքականությունը, նշեց վերլուծաբանը: «Եվրասիական տնտեսական միությունը իր առավելագույն նպատակին հասնելու փոխարեն հասել է իր նվազագույն շեմին»: