Հայոց ցեղասպանության հարցն այսօր գտնվում է միջազգային մամուլի, համաշխարհային գիտական հանրույթի և քաղաքականության ուշադրության կենտրոնում: «Հայոց ցեղասպանության թեման այլևս պարփարկված չէ միայն հայագիտության սահմաններում, այլ միջազգային գիտական հանրույթի և ցեղասպանությունների ուսումնասիրության գլխավոր առարկաներից է, որի մասին խոսում են և ուսումնասիրություններ կատարում»,- Արմենպրեսի փոխանցմամբ` Ցեղասպանագետների միջազգաJին ընկերակցության 12-րդ գիտաժողովին նվիված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:
Հայաստան կժամանեն 130 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից` Ավստալիայից և Ճապոնիայից մինչև Արգենտինա և Բրազիլիա՝ մասնակցելու հուլիսի 8-12-ը Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովին: Հայկ Դեմոյանը կարևորեց երևանյան գիտաժողովի անցկացումը մի քանի ասպեկտներով. առաջին` շարունակվում են այս խորհրդանշական տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և երկրորդ` նման ծավալի գիտաժողով երբևիցե Հայաստանում չի եղել ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում: «Աննախադեպ շատ են լինելու Հայոց ցեղասպանությանը վե րաբերող զեկույցները: Անդրադառնալու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ հետ հայացք ենք նետելու 20-րդ դարի բոլոր ցեղասպանություններին` համեմատականներ տանելով դրանց միջև»,- ասաց Դեմոյանը:
Իսկ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա-Լի Ֆրիզի կարծիքով` գիտաժողովը ցեղասպանության մասին հանրային իրազեկվածության բարձրացման ամենաարդյունավետ միջոցն է: «Վերջին տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ հետազոտություններ Հայոց ցեղասպանության մասին և այս համաժողովը կարող է նոր սկզբնակետ դառնալ հանրային իրազեկման համար»,- նշեց Դոնա-Լի Ֆրիզը:
«Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների հավաքական ձայնը կարող է փոփոխություն բերել Հայոց ցեղասպանության մասին ավելի լայն հանրությանը կրթելու գործում»,- իր հերթին հավելեց ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը, ով նույնպես մասնակցում է Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովին: